Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս. Էդվարդ Նալբանդյան


22:54 , 1 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին և նշել է, որ Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս։
 ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցն ամբողջությամբ։
 Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ-որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին:
 Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է:
 Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր:
 Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: