18:05 , 15 մարտ, 2013
Թեև արդեն 4 տարի է, ինչ Անի Քրիստին բնակվում է հեռավոր Լոս Անջելեսում, սակայն Հայաստանում երգչուհու երկրպագուները չեն մոռացել նրան և միշտ հետաքրքրվում են նրա կյանքի ու գործունեության մասին: Մենք էլ չենք մոռացել, որ այսօր երգչուհին նշելու է իր տարեդարձը, ինչի առթիվ էլ կապ հաստատեցինք և զրուցեցինք Անի Քրիստիի հետ:
-Անի, նախ շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և ցանկանում հաջողություններ ու ամենայն բարիք:
Այսօր ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված:
-ԱՄՆ-ում ավելի կատարելագործում եմ իմ մասնագիտական գիտելիքները՝ կրկնելով դրանք արդեն անգլերենով:
-Ստեղծագործական նորություններ ունե՞ք:
-Կան նոր երգեր, որոնք խնամքով պահում եմ դարակում, անկեղծ ասած դեռ ժամանակ չի եղել, որ անդրադառնամ դրանց, բայց կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն ևս կլինի:
-Բնակվելով հեռավոր ԱՄՆ-ում` որքա՞ն հաճախ եք լինում հայրենիքում:
-Վերջին անգամ հայրենիքում եղա մոտ երկու տարի առաջ, ինչպես ասացի, ես այստեղ սովորում եմ և չեմ կարող բացակայել, իսկ երբ լինեն արձակուրդներ` կգամ, բայց ոչ երկար ժամանակով:
-Հնարավո՞ր է, որ մի օր մեկընդմիշտ վերադառնաք հայրենիք:
-Կարևորը հոգիս միշտ հայրենիքում է, իսկ մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես որտեղ է ապրում, դա այդքան էլ էական չէ:
-Նոր երկիր, նոր օրենքներ, ի՞նչ դժվարությունների եք մինչ օրս հանդիպել:
-Փառք Աստծո օրենքների հետ կապված դեռ խնդիրներ չունեմ, իսկ ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք մարդու համար են: Ես համարում եմ, որ կյանքում կայացած եմ և քաջատեղյակ եմ կյանքի խոչընդոտներին: Դրանցով եմ ես կերտել իմ լավ ու վատ օրերը:

-Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր տարեդարձը:
-Նշելու եմ ինչպես միշտ ինձ հարազատ մարդկանց շրջապատում, ծննդյանս օրը հրավիրված են շատ հարազատ մարդիկ:
-Ո՞րն է ամենասպասված նվերը, որը միշտ ցանկանում եք ստանալ Ձեր ծննդյան օրը:
-Ինձ համար իմ ծննդյան տարեդարձի ամենասպասված նվերը բարձր ապահովված տրամադրությունն է և հարազատների շրջապատում հաճելի ժամանցը, իսկ մնացածն այդքան էլ էական չէ:
-Իսկ ի՞նչ նվեր կցանականայիք ստանալ այս տարի Ձեր ծննդյան օրը:
-Անկեղծ ասած, ես դեռ երկու օր առաջ արդեն ստացել եմ իմ ծննդյան նվերն Ամերիկայի կառավարության կողմից: Դա իմ՝ Ամերիկայի քաղաքացիության իրավունքն է: