18:18 , 23 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.Սարգսյանն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, որոնց մարտական հերթապահության օրերի թվաքանակի չափով տրվում էր ծխախոտ: «Ես համարեցի որ դա կոպիտ սխալ է, քանի որ զինծառայողների մեջ շատ չծխող մարդիկ կան, և նրանք բացարձակ պարտավոր չեն ստանալ ծխախոտ: Այսպիսով` մենք նրանց հնարավորություն ենք տալու չծխելու, իսկ ծխելիս էլ՝ ընտրելու, թե ինչ ծխախոտ ծխեն»,- ասաց նախարարը:
Նշենք, որ յուրաքանչյուր ամիս պայմանագրային զինծառայողները մոտ 15 օր մարտական հերթապահություն են իրականացնում՝ կախված իրավիճակից, և եթե համեմատենք մինչ այդ նրանց տրվելիք ծխախոտի գումարի հետ, մոտավոր հաշվարկներով, ստացվում է, որ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողին վճարվող գումարին այսուհետ կավելանա 3500-4000 դրամ:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին, համաձայն որի՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի` խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներից հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: