Լեգիտիմության արդիական հիմնահարցեր


15:30 , 22 փետրվար, 2017

Похожее изображениеԱյսօր առավել հաճախ, քան երբևէ, կասկածի տակ է դրվում այս կամ իշխանության լեգիտիմության հարցը: Լեգիտիմությունն այն իշխանության բնութագիրն է, որն ընդունում են զանգվածները և հենվում իշխանության կարգադրություններին նրանց կամովին ենթարկվելու սկզբունքի վրա:

Քաղաքական լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրումն արդիական է կերպափոխման գործընթացում գտնվող հասարակություններում, որոնք «առաջին սերնդի» ժողովրդավարների կատարած գծային ազատական բարեփոխումների արդյունքում հայտնվել են քաղաքական զարգացման ճգնաժամերի մեջ:

Օգտվելով ժողովրդավարության որակի բնույթից՝ ժողովրդահաճ ուժերը, հեղափոխականացնելով ընտրազանգվածի քաղաքական ցածր գիտակցությունը, խաթարում են լեգիտիմությունը` ազգային անվտանգության ապահովման համար ստեղծելով ներքին և արտաքին համաչափ-անհամաչափ նոր սպառնալիքներ: Հետխորհրդային նորանկախ երկրներում տեղի ունեցած «գունավոր կամ պատրանքային» հեղափոխությունների քաղաքակրթական, ինստիտուցիոնալ, սոցիալ-հոգեբանական և աշխարհաքաղաքական հիմքերի ուղղվածությունը վերանայեց «առաջին սերնդի» ժողովրդավարների իշխանության լեգիտիմացման գծայնության արդյունավետությունը:

Ուշագրավ են նաև արաբական երկրների քաղաքական զարգացումները, որտեղ պատրանքային ժողովրդավարության դերակատարները ներծին ու արտածին նոր ազդակների օգնությամբ մերժեցին իշխանության ներկայացուցիչների լիազորությունների լեգիտիմությունը:

Ժողովրդավարական լեգիտիմությունը, իշխանության դերակատարների փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված՝ հասարակություն-պետություն-ազգ-անհատ բազմավեկտոր երկխոսության համակարգ է:

Քաղաքական իրականությունում ավելի շուտ անհրաժեշտ է խոսել սցենարների համակցումների մասին: Օրինակ՝ ՀՀ-ում ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած 1996թ. սեպտեմբերյան դեպքերից հետո անորոշությունից ելքը ներառում էր «հաղթողը ստանում է ամեն ինչ» սցենարը: Փաստորեն՝ ՀՀ քաղաքական գործընթացների առանձին ժամանակահատվածներն այս սցենարների օգնությամբ դիտարկելով՝ կարելի է վերակազմավորել սցենարներից յուրաքանչյուրի տրամաբանությունը և ի հայտ բերել անցումային վարչակարգերին բնորոշ լեգիտիմության առանձնահատկությունները: Ավտորիտար ժողովրդավարական կառավարման ժամանակ ինստիտուտների գործունեությունը լեգալ է, սակայն քաղաքական գործընթացի արդյունքների լեգիտիմությունը կասկածանքի է ենթակա, եթե, իհարկե, կանխավ որոշված չէ:

Անցումից համախմբում գործընթացում ՀՀ-ում ժողովրդավարական լեգիտիմության հաստատման առանձնահատկությունները վերլուծելու դեպքում ակնհայտորեն երևում է, որ ՀՀ-ում առկա անորոշությունների կանխման նկատառումներով անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական շուկայի արդիականացում:

Լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում մարտահրավերներին նպատակային պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնել հանրային և քաղաքական կառավարման գործընթացը: Այն որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորել իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ:

Քաղաքական զարգացման տարբեր փուլերում (սեփականաշնորհում, ազատականացում, մասնակցություն) հայ հասարակությունում քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել ինչպես ՀՀ նախագահական (1996, 1998, 2003, 2008, 2013), այնպես էլ խորհրդարանական (1995, 1999, 2003, 2007, 2012) ընտրություններով պայմանավորված: