ՀՀ-ն մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրաքյան Քրդստանում


13:14 , 18 փետրվար, 2017

ՀՀ-ն մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրաքյան ՔրդստանումPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ:

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քրդստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրդստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: