00:16 , 18 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
Մյունխենի անվտանգության համաժողովին փետրվարի 17-ին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:
Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում: