Շարժումային դիտարկումներ


10:33 , 14 մարտ, 2013

Մեր հաջողված շարժումը առ այսօր եղել է Արցախյանը: Դրա հետ համեմատելով՝ փորձենք պարզել հետագա շարժումների թերացումները: Դա, անշուշտ, կօգնի ձևավորել այն հասարակական շարժումը, որը մեզ կհանի ճահճից:

1. Ազգային գործոն

Արցախյան շարժումն այդպես էլ մտել է պատմության մեջ՝ ազգային-ազատագրական: Շարժման ազգային լինելն ապահովեց խորհրդային լճացած հանրության արթնացում, ազգապահպան քաղաքականության որդեգրում: Խնդիրը պատշաճ կերպով հանրությանը ներկայացնելն ապահովեց նույն այդ հանրության ճնշող մեծամասնության ակտիվ մասնակցությունը շարժմանը:

Հետագա շարժումների ժամանակ ուշադրությունը սևեռվեց բացառապես ներքաղաքակական հարցադրումների վրա (արդարություն, մենք-նրանք), գլխավոր միջոց հանդիսացավ հանրության դժգոհ շերտի ագրեսիվացումը իշխանամերձ շրջանակների հանդեպ:

Համազգային հարցեր այս կամ այն չափով արծարծում էր Վազգեն Մանուկյանը (համաշխարհային ազգ), սակայն ոչ շեշտադրված:

Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ժամանակ ազգ հասկացությունն ընդհանրապես չի շոշափվել: Հատուկ ուսումնասիրություն եմ արել՝ նրա շարժման ժամանակ ազգային ինքնագիտակցությունը շոյող չորս-հինգ նախադասություն է ասվել հարթակից, այն էլ հնչեցրել է Արամ Կարապետյանը:
Ավելին, Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել իր համակիրներին Նժդեհ չկարդալ, մինչդեռ կարդալը կնպաստեր ազգային ինքնագիտակցումի աճին:

Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն ընթացքի մեջ է և վաղ է եզրահանգումներ անել, սակայն արդեն երևում է, որ նա ջանում է հեռու մնալ ազգային ինքնագիտակցությունը շոյող գաղափարներից: Թույլ արտաբերվող «Հայաստանը» գրեթե ոչինչ չի ասում լսողին:
Մինչդեռ, ինչպես մեր կյանքն է ցույց տվել, ինչը նաև համաշխարհային պրակտիկան է ապացուցել, հանրային շերտերի ակտիվ մասնակցության ապահովման տարբերակներից մեկը շարժմանը ազգային բնույթ հաղորդելն է: