Կարևոր են «օպտիմալացված» 5 մլրդ դրամի արդյունավետ ծախսման մեխանիզմները


11:55 , 16 փետրվար, 2017

Կարևոր են «օպտիմալացված» 5 մլրդ դրամի արդյունավետ ծախսման մեխանիզմներըAysor.am-ը գրում է.

Պետական կառույցների օպտիմալացման և անարդյունավետ հիմնարկների լուծարման տրամաբանական շարունակությունը խնայված գումարի ծախսման ուղղություններ մշակելն է: Նախորդ շաբաթ հայտնի դարձան թե՛ խնայված գումարի չափը, թե՛ այն ծախսելու ուղղությունները:

Կառավարությունում մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խոհրդակցության ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ պահուստային ֆոնդից մարզերին տրամադրվելու է 5 մլրդ դրամ հրատապ խնդիրների լուծման համար:

Նա շեշտել է, որ այդ գումարը բյուջեում չկա և այն վերը նշած օպտիմալացման արդյունքն է: Նշենք, որ նախկինում ևս կառավարությունը խնայված միջոցներն ուղղում էր մարզերի հրատապ խնդիրների լուծմանը:

Այս անգամ Կարեն Կարապետյանը հատուկ կարևորություն է տվել գումարների կառավարմանը՝ նշելով, որ նախ՝ դրանք պետք է կառավարել «շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի», ապա, որ հաշվի առնելով «կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը»՝ լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու են:

Հաջորդ հանգամանքը, որ կարևորվել է վարչապետի կողմից, պետք է սահմանվի առաջնահերթություն և ընտրվեն «մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը»: Այսինքն, մի կողմից խթաններ են առաջարկվում նրանց համար, ովքեր արդյունավետ կծախսեն խնայված գումարը՝ լրացուցիչ ֆինասավորման տեսքով, մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծվում, որ վերոնշյալ 5 մլրդ դրամը չծախսվի սպառողական հոգեբանությամբ:

Այս երկու մոտեցումների կիրառումը ոչ միայն կնպաստի մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև կբարձրացնի մարզերի ներգրավվածությունը և պատասխանատվությունը այդ խնդիրների լուծման մեջ:

Բացի ավանդական` ճանապարհներ, ջրագծեր, մշակութային, կրթական հաստատությունների նորոգումից, կառավարության կողմից կարևորվում են գյուղատնտեսության որակական զարգացման հարցերը:

Մասնավորապես, նույն խորհրդակցության ժամանակ վարչապետը խոսել է այդ մասին՝ կարևորելով գյուղացուն ֆերմեր դարձնելը և նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ: Ենթադրաբար, վերոնշյալ 5 մլրդ դրամից միջոցներ կուղղվեն նաև այս ուղղությամբ: