6 ամենահետաքրքիր հոգեբանական էֆեկտները


18:17 , 13 մարտ, 2013

Ժողովուրդ, որոշեցի բլոգումս սրանից հետո մի քիչ էլ իմ մասնագիտական գիտելիքներով փայլել մեկումեջ, որովհետև առանց դրա էլ բլոգոլորտն ու Ֆեյսբուքը գերհագեցած է քաղաքական ու հասարակական տարբեր հնչեղության թեմաներով ու հիմնականում ֆրուստրացնում է ժողովրդին։  Այս անգամ ձեզ կպատմեմ 6 հատ հետաքրքիր հոգեբանական երևույթների մասին, որոնք անկասկած կհետաքրքրեն շատերին։

1. «Ռոմեո և Ջուլիետ»-ի էֆեկտ

Սա հոգեբանական ֆենոմեն է, որը ներգրավում է երկու մարդու։ Այս երևույթի ժամանակ զույգի միջև եղած համակրանքի աճը ուղիղ համեմատական է նրանց ծնողների՝ նրանց բաժանելու փորձերին։ Որքան ավելի են ընդդիմանում նրանց ծնողները նրանց հարաբերություններին, այնքան ավելի են նրանգ ձգում միմյանց։

2. Ականատեսի էֆեկտ

Շատերս կարող ենք հիշել իրավիճակներ, երբ ինչ-որ մեկին օօգնություն է պետք և որքան ավելի շատ մարդ է այդ պահին ներկա լինում, այնքան ավելի քիչ է հավանական դառնում, որ նրանցից ինչ-որ մեկը կօգնի։ Սա չարամիտ դիտավորության ու անփույթ վերաբերմունքից չէ։ Իրականում հենց այս ֆենոմենն էլ կոչվում է ականատեսի էֆեկտ, որը կրում է համընդհանուր բնույթ և արտահայտվում է նրանով, որ որքան շատ մարդ է ներկա լինում նման իրավիճակներին, այնքան ավելի մեծ է ենթագիտակցական այն համոզմունքի դերը, որ հավաքվածներից ինչ-որ մեկը կօգնի, և արդյունքում հաճախ ստացվում է այնպես, որ ոչ մեկ էլ չի օգնում։

3. Դժվար հասանելիության էֆեկտ

Սոցիալական հոգեբանության մեջ բնութագրված է մի ֆենոմեն, երբ մարդիկ, ովքեր ավելի խստապահանջ են սոցիալական ընտրության հարցում, ավելի ցանկալի են դիմացինի համար, քան նրանք, ովքեր հասանելի են։ Սակայն սա շատ նուրբ էֆեկտ է, և եթե մարդը ձգտում է արհեստականորեն հասնել դրան, կարող է ամբողջովին հակառակ էֆեկտ ստանալ, երբ իր կեղծավորությամբ/ձևականությամբ կսկսի վանել մարդկանց։

4. Պիգմալիոնի էֆեկտ

Այս տերմինը արմատներով Բերնարդ Շոուի հայտնի պիեսից է և նկարագրում է ինքն իրեն ի կատար ածվող կանխատեսում։ Առաջին անգամ այս հասկացությունն օգտագործվել է Ռոբերտ Ռոզենթալի և Լենոր Ջեքոբսոնի կողմից իրենց համահեղինակած գրքում, որտեղ նկարագրվում է ուսուցիչների սպասումների ազդեցությունը աշակերտների վարքի վրա։ Հետազոտություններն ու գիտափորձերը ցույց էին տվել, որ տարրական դասարանների այն աշակերտներն, ումից ուսուցիչները մեծ սպասելիքներ ունեին, հետագայում իրոք դրսևորում էին IQ-ի և դատողության մակարդակների աճ՝ համեմատած իրենց համադասարանցիների հետ։

6. Զեյգարնիկի էֆեկտ

Այս մնեմանիկ էֆեկտը պայմանավորված է նյութը/գործողությունները մտապահելու արդյունավետությունից և գործողությունների ավարտականության աստիճանից և ստացել է իր անվանումն այն բացահայտած Բ.Վ. Զեյգարնիկի ազգանունից։ Այս էֆեկտն արտահայտվում է նրանով, որ մարդը ավելի լավ է հիշում այն գործողությունը, որն անավարտ է մնացել։ Սա բացատրվում է նրանով, որ այն լարումը մտավոր/ֆիզիկական/հոգեկան, որ գործադրվում է ամեն գործողության սկզբում, այդպես էլ չի անէանում, քանի որ գործողությունն ավարտին չի հասցվում։ Այս ֆենոմենը հաճախ հանդիպում է հատկապես մանկավարժության և արվեստի ոլորտներում։

6. Քողի էֆեկտ

Քողի էֆեկտի էությունը կայանում է նրանում, որ եթե մարդը ինչ-որ մի իրավիճակում դրական տպավորություն է թողնում, ապա դիմացինի մոտ ենթագիտակցական մակարդակում մղում է առաջանում նրան վերագրել նաև այլ դրական կողմեր ու դրսևորումներ, անգամ եթե դրանք հետագայում չեն դրսևորվում տվյալ անհատի կողմից։ Նույն էֆեկտն աշխատում է հակառակ կերպ էլ. երբ մարդը սկզբում վատ տպավորություն է թողնում, ապա ինքնըստինքյան միայն վատն ես նկատում նրա մեջ և վատ կողմեր ես վերագրում նրան, անգամ եթե դրանք իրականում չկան էլ և դժվարությամբ ես կարողանում ընկալել դիմացինին՝ իր բնավորության բոլոր դրական ու բացասական կողմերով ու դրսևորումներով։
Որպեսզի ավելի պատկերավոր լինի այս էֆեկտի դրսևորումը, նկարագրեմ շատերիս համար ծանոթ դրա իրական դրսևորում։ Հաճախ ուսանողները իրենց ուսման սկզբնական շրջանում լավ են սովորում և ստուգման գրքույկում մենակ գերազանց ու լավ գնահատականներ են ունենում։ Այնուհետև նման լավ ուսանողներից ոմանք դադարում են այդչափ տքնաջան պարապել և քննությունների ու ստուգարքների ժամանակ լինում է, որ չեն կարողանում որոշ հարցերին պատասխանել, բայց միևնույն է, դասախոսները փորձում են ընդառաջել ու ավելի բարձր գնահատական ստանալու հնարավորություն ընձեռել ուսանողին կամ էլ պարզապես ավելի բարձր գնահատական են նշանակում, քան իրականում արժանի էր այդ ուսաննողը։ Հենց սա էլ քողի էֆեկտի դրսևորում է։

Եթե հավանեք, էլի հետաքրքիր բաներ կպատմեմ ձեզ հոգեբանությունից: