Ջաջուռում նորածինը ընկել է ինքնաշեն զուգարանի հորը. կասկած կա, որ երեխային գցել են այնտեղ


18:45 , 14 փետրվար, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում երիտասարդ կնոջ հղիությունը ընդհատվել է, իսկ մահացած պտուղը ընկել է խորը փոսի մեջ: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ տուժողը Ջաջուռի բնակիչ, 30-ամյա Ա.Բ.-ն է: Նրա հղիությունը եղել է 8-րդ ամսում: Դեպքը տեղի է ունեցել դրսում կառուցված զուգարանում: Ջաջուռի համայնքապետ Սոկրատ Սուվարյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ կինը եղել է զուգարանում եւ հանկարծակի մոտը վիժում է սկսվել: «Վիժման պատճառով մահացած պտուղը ընկել է զուգարանի հորի մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 12-ին, բայց հիմա արդեն մահացած պտուղը հանել են: Հիմա ես այստեղ եմ եւ տեսնում եմ, որ զուգարանը ամբողջությամբ քանդված է: Քանդել, հանել են»,- armtimes.com-ին ասաց համայնքապետը:
 Հղիության ընդհատման պատճառներն անհայտ են: Դեպքից հետո Ա. Բ.-ին տեղափոխել են Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Միրզոյանը armtimes.com-ի հետ զրույց նշեց, որ կնոջ առողջական վիճակը բավարար է, իսկ վիժման դրդապատճառը՝ անհայտ:
 Դեպքի բացահայտմամբ զբաղվում է Շիրակի մարզային ոստիկանության Ախուրյանի բաժինը: Կատարվում է հետաքննություն, մանրամասներ դեռ պարզ չեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։