Հատված Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից


14:25 , 13 մարտ, 2013

«Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության և դեպի նո՛ր Ավարայր, նո՛ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը։ Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին։ Կանչում է կիսաստվեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը։ Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը և հայրենիքի փառքը, կանչում է քե՛զ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի և հայրենյաց։ Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը։ Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դո՛ւ, դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն...»: