Փաստաբանին մերժել են տեսակցել Վահան Շիրխանյանին


13:49 , 13 փետրվար, 2017

63Araratnews.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին արգելել են տեսակցել և հեռախոսային խոսակցություններ ունենալ թե՛ հարազատների և թե՛ պաշտպանի հետ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ամեն ինչ արվեց, որ լրագրողների հետ նրա շփումները տեղի չունենան, հետո Ստրասբուրգից նրա փաստաբաններն էին եկել, ովքեր [Մարդու իրավունքների.- խմբ.] եվրոպական դատարանում  են պարոն Շիրխանյանին ներկայացրել, որպեսզի նրան տեսակցեն, բայց նրանց տեսակցությունն էլ արգելվեց: Պարոն Շիրխանյանի կապը արտաքին աշխարհի հետ մնացել էր միայն իմ միջոցով, բայց շաբաթ օրը, հերթական անգամ, երբ ցանկացա տեսակցել նրան, ինձ գրավոր մերժեցին: Կարելի է ասել, որ այսօր նա կատարյալ մեկուսացման մեջ է պահվում, և չեն թույլատրում տեսակցել նաև իր պաշտպանի հետ, որը չտեսնված երևույթ է. ամսի 11-ից չեմ կարողանում տեսնել նրան»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ինչպես նշեց փաստաբանը, Շիրխանյանին տեսակցել չեն թույլատրել այն պատճառաբանությամբ, թե վերջինս չի ցանկացել դուրս գալ իր խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ, հայտարարելով, որ չի կարող գալ և առանձին տեսակցել պաշտպանի հետ. «Պարոն Շիրխանյանն արդեն մի վեց ամիս է, որ երբևէ չի կարողացել մենակ գալ, միշտ իրեն օգնել են՝ թևատակերից բռնած: Պարզապես հիմա իրավիճակը փոխվել է, թերևս նրան չեն էլ ուզում օգնել, որ գա պաշտպանի հետ տեսակցության»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ ինքը քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն առաջարկել է իրեն հնարավորություն տալ Շիրխանյանին խցում տեսակցել, բայց մերժել են. «Գրավոր դիմեցի, բանավոր մերժում ստացա, որից հետո խնդրեցի, որ գոնե պարոն Շիրխանյանին փոխանցեն իր գործի հետ կապված այն փաստաթուղթը, որը ստացել ենք Եվրոպական դատարանից. նույնպես ստացա մերժում: Այսինքն` ապօրինությունը դադարել է ապօրինություն լինելուց, սա արդեն կարելի է կոչել իրավական սանձարձակություն»:

Փաստաբանն ընդգծեց, որ կատարվածը հավանաբար կապվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանին ներկայացված հարցերի հետ, որոնք վերաբերում են Շիրխանյանի առողջական վիճակին. «Հինգ տարբեր հարցեր են ներկայացվել, որոնց Հայաստանի Կառավարությունը պետք է պատասխանի մինչև փետրվարի 22-ը: Բոլոր հարցերը վերաբերում են նրա առողջական վիճակին, բուժմանը, և ի՞նչ հիմքով է պետությունը ցանկանում նրան տեղափոխել «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ: Նաև պահանջել են բոլոր բժշկական փաստաթղթերը, որոնք քրեակատարողական հիմնարկը սկզբում հրաժարվում էր տալ ինձ, հետո՝ դատարանին»:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։