11:58 , 13 մարտ, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Երբ հետընտրական փուլում Րաֆֆի Հովհաննիսյանն սկսեց իր հանրահավաքային պայքարը, որոշ ուժեր ու գործիչներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալ պայքարին: Այդ ամենը հաշվի առնելով` շատերը սկսեցին շրջանառության մեջ դնել խորհրդարանի ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԺԿ-ի` Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցը:
Ու չնայած այն հանգամանքին, որ սկզբնական փուլում այդ 4 ուժերը փորձում էին ցույց տալ, թե պատրաստ են համախմբել ռեսուրսները, և դրա առանցքը միասնությունն է ու հաղթանակը ընտրություններում, ժամանակը ցույց տվեց, որ ի սկզբանե նրանք (գուցե նրանցից ոմանք) այդքան էլ անկեղծ չէին իրենց հայտարարություններում:
Ճիշտ է, որպես կանոն այդ 4 ուժերի մեջ ընթացող քննարկման մանրամասները չէին հրապարակվում, սակայն ԲՀԿ-ի հայտարարությունն ու ԲՀԿ ցուցակի առաջին երեք տեղերի հրապարակումը ցույց տվեցին, որ միասնական ցուցակով գնալու բանակցությունները ձախողվել են: Իհարկե, ԲՀԿ-ն հայտարարեց, թե դա չի նշանակում, որ քննարկումները այլևս չեն կարող լինել, սակայն ԲՀԿ-ի հայտարարությունն այն մասին, որ միասնական ցուցակը պետք է կազմվի ԲՀԿ-ի առանցքի շուրջ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում խմբակցությունների համամասնության սկզբունքով, արդեն իսկ նշանակում է, որ միասնական ցուցակի հարցն արդեն անցյալում է:
ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին լավ արդյունք էր գրանցել ու ավելի շատ ներկայացվածություն ունի, քան ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԺԿ-ն միասին, սակայն չպետք է մոռանալ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեկ այլ, շատ ավելի կարևոր ընտրություններ (նախագահական) են կայացել, որին ԲՀԿ-ն չի մասնակցել (շատերի համար անհասկանալի պատճառներով), իսկ ԺԿ-ն բավականին շատ ձայներ է հավաքել: Այս իրավիճակում ԺԿ-ն արդարացիորեն իրավունք ունի նվազագույնը հավասար սկզբունքներով ցուցակի կազմավորման մասին բարձրաձայնելու և, ինչու չէ, քաղաքապետի իր թեկնածուի շուրջ միավորելու հարցը առաջ քաշելու:
Միասնական ցուցակով գնալու հնարավորությունը դեռ չի մարել, սակայն միակ հավանական տարբերակը ԺԿ-ՀՅԴ համագործակցությունն ու միասնական ցուցակով գնալու տարբերակն է: Այս երկու ուժերը իրենց հանդիպումների մանրամասները չեն հրապարակել, սակայն գոնե տեսականորեն նրանց՝ միասնական ցուցակով ներկայացումը, համենայն դեպս, չի բացառվում:
Ավագանու ընտրությունների պայքարն անշուշտ առավել ինտրիգային և կոշտ է լինելու, և ի տարբերություն նախորդ ընտրություններին՝ այս մրցապայքարում խորհրդարանի ոչ իշխանական ուժերը ոչ այդքան պայքարելու են ՀՀԿ-ի, որքան միմյանց դեմ: Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերը պետք է ապացուցեն, որ իրենց ընտրազանգվածը չի փոշիացել, իսկ ԺԿ-ն պետք է ապացուցի, որ նախագահական ընտրություններին հավաքած ձայները իրենն են, և դրանք ստացվել են ոչ միայն բողոքական զանգվածի ու որոշ կուսակցությունների չմասնակցելու, այլ իր բարձր հեղինակության շնորհիվ: