Մենք սովոր ենք խնդիրներին ընտրողաբար վերաբերվել


10:25 , 13 մարտ, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Սյունիքի մարզի Սեւքար, թե Սեւաքար գյուղում եկեղեցի է փլվել… Շատ վատ է եւ պատիվ չի բերում մեզ` բոլորիս: Իսկ ովքե՞ր են մեղավոր:
Առաջին հերթին գյուղապետը, մարզպետը, Սյունիքի թեմի առաջնորդը: Իհարկե նաեւ մշակույթի նախարարությունը, կաթողիկոսարանի համապատասխան ծառայությունները, զանազան հիմնադրամները, պատմա-հնագիտական հուշարձանների պահապան-ակտիվիստները եւ նաեւ բնապահպանները:
Ինձ մոտ տպավորություն է, որ առհասարակ բնապահպանական եւ այլ շատ շարժման ակտիվիստները կարծես թե պայքարում են ընտրողաբար, հաշվենկատ՝ հաշվի առնելով, թե ով է տվյալ խախտման կամ շինարարության իրականացնողը…
Բացառությամբ Թռչկանի, կարծես ես այլ որեւէ նման «անշահախնդիր» պայքար չեմ հիշում: Մաշտոցի պուրակի պահպանմանը կողմնակից եմ եղել, միշտ էլ ասել եմ այդ մասին: Սակայն այդ պայքարը չէր լինի, այդքան արձագանք չէր ստանա, եթե այդ բուտիկների տերերը բոլորին հայտնի դեմքերը չլինեին:
Փակ շուկան իմ կարծիքով պատմամշակութային մեծ արժեք չի ներկայացնում իրենից, բացառությամբ թերեւս նրա ճակատային հատվածը: Բնապահպան-մարիամախոտերը այդքան չէին սեւեռվի այդ կառույցի վրա, եթե դրա հետեւում չլիներ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը… Գրեթե համոզված եմ դրանում, ու ինձ թվում է, որ ինչ-որ մարդիկ նաւ ուղղորդում են այդ ամենը:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ աղմուկը, չգիտես ինչու, այդքան մեծ արձագանք ստացավ, սակայն երբ Քոքոբելյանը ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից էր եւ այդ նույն գյուղի գետի վրա կառուցեց ՀԷԿ, ոչ մեկը այն ժամանակ չհիշեց բնապահպանական խնդիրների մասին…
Եւ այդպես շարունակ` Խոսրովի արգելոց, Քաջարան եւ այլն:
Ի՞նչ է, քիչ այլ բնապահպանական, պատմա-մշակութային խնդիրներ կա՞ն... Շատ, նույնիսկ շատ-շատ: Բայց չէ, մենք սովոր ենք խնդիրներին ընտրողաբար վերաբերվել` ընտրողաբար քաղաքական գործիչ ենք, պետական պաշտոնյա, լրագրող, իրավապահ, մտավորական…