09:55 , 13 մարտ, 2013
ԴԻԱՆԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հուշերից
...Դպրոցահասակ երեխաներով հավաքվում էինք մեր բակում և մեր ուժերով բեմադրություններ կազմակերպում: Հերթական անգամ նախապատրաստել էինք Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»: Երեկոյան` մինչև հանդիսատես-հարևանների, ծնողների և մյուս երեխաների հավաքվելը, տատս ինձ ուղարկեց ջրի, իսկ ինքը գնաց կովը կթելու: Երբ վերադարձա, բակն արդեն հանդիսատեսներով լցված էր: Առաջին շարքի պատվավոր «իշոտուկին» երկու անծանոթ էին նստել, որոնց չնկատելով, կուժն ուսիս, ոգևորված մտա բակ` բարձր-բարձր արտասանելով. «Ես եկել եմ դարերից, / Եվ գնում եմ հաղթական…»:
Անծանոթներից մեկն ինձանից ջուր խնդրեց և կամացուկ հարցրեց, թե գիտե՞մ արդյոք՝ ում գրվածքն եմ արտասանում: Հպարտորեն պատասխանեցի, որ իհարկե գիտեմ, Չարենցի: «Իսկ ունե՞ք նրա գրքերից»,- նորից կամացուկ հարցրեց անձանոթը: «Իհարկե ունենք, տատս է տվել»,- նորից հպարտացա ես: «Իսկ կարո՞ղ ես ցույց տալ»,- բարեհամբույր ժպիտով շարունակեց իր չոր հարցերը նա: Ոչ մի վատ բան չկասկածելով՝ ես բերեցի Չարենցի գիրքը` նույնիսկ սպասելով գովեստի: Գիրքը նվիրել էին տատիս և մակագրված էր հեղինակի կողմից:
Պարզվեց՝ անծանոթները չեկիստներ են, և մատնագրով ուղարկված էին, որպեսզի պատժեն «ազգայնամոլ Րաֆֆու» ազգակցական Մարիամ տատիս: Նրանք խուզարկեցին մեր տունը, սակայն ուրիշ «վտանգավոր» գրքեր չհայտնաբերելով` տատիս իրենց հետ տարան, որ բացատրություն տա արգելված գրքի համար: Այդ օրը մեր ներկայացումը չկայացավ, և ընդհանրապես հարևաններն այլևս մեր տանը չէին հավաքվում:
Առավոտյան տատս վերադարձավ: Նրա մատներն արյունոտ էին, բայց մեզ ոչինչ չասելով, ձեռքերը փաթաթեց և մտավ անկողին: Գիշերն անց էր կացրել շրջկենտրոնի միլիցիայի բաժանմունքում: Չեկիստները նրա ձեռքերը դրել էին սեղանին և մտրակով անընդհատ խփել` կրկնելով, որ «ժողովրդի թշնամիների» գրքերից ձեռք քաշի:
Տատս մոտ մեկ ամիս մնաց անկողնում և երբեք ինձ չնախատեց: Սակայն ամեն անգամ, երբ խեղդուկ հեկեկոցի մեջ մրմնջում էր «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…», ես ինձ էի մեղավոր զգում:
…Շատ տարիներ անցան, ժամանակները փոխվեցին, վաղուց արդեն շրջկենտրոնում ուսուցչուհի էի աշխատում: Տեղափոխվեցինք նորակառույց դպրոց: Տնօրենին խնդրեցի, որ թույլատրի դպրոցի մուտքի պատին կախել Չարենցի մեծադիր նկարը: Տնօրենը չառարկեց: Մի գեղեցիկ նկար պատվիրեցի, որի աջ կողմում կարմիրով գրված էին անմահ Չարենցի տողերը..
Ես եկել եմ դարերից
Եվ գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից,
Դեպի կարմիր ապագան:
Ամեն անգամ` դպրոց մտնելիս, նայում էի Չարենցի խորունկ աչքերին, հիշում մանկությունս, տատիս արյունոտ մատներն ու աղոթքի պես կրկնելով այս քառյակը՝ մտնում դասարան…
Աղբյուրը