22:21 , 12 մարտ, 2013
Հազար սուտ ու փուչ երդումներ, գեղեցիկ բառեր, ծաղիկների պես գեղեցիկ` երբ սեփականացնում ես, թոշնում են շուտ: Ես էլ մի ծաղիկ` վայրի՜, տխու՜ր: Ի վերջո բոլորս էլ միայնակ ենք, ամբողջովին, մինչև վերջին շունչը միայնակ: Երկրորդ կեսեր, առաջին կեսեր. մենք ամբողջական ենք: Եվ այն, ինչ փնտրում ենք, ոչ թե կեսեր են, այլ հինգ մատներ, որ ամուր կսեղմեն ափերը մեր և ուժ կտան: Ոչ թե կեսեր, այլ լռությունը լսող ու հասկացող զույգ ականջներ: Ոչ թե կեսեր, այլ ժպիտ պարգևող զույգ աչքեր: Ու շրթունքներ. սեր պատմող շրթունքներ: Մեզ կեսեր չեն պետք. մեզ տաք մարմիններ են պետք, ուժ տվող խոսքեր են պետք, առավոտյան արթնացնող ու գիշերները «բարի գիշեր» մաղթողներ են պետք, «ես կողքիդ եմ» ասողներ են պետք: Իսկ առաջին կամ երկրորդ կեսերը… Դրանք ինձ, ներեցեք, պետք չեն: Մեզ մեր կողքին պայքարողներ են պետք, մեզ մեր խենթությունները հասկացող ու ընդունողներ են պետք. մենք ամբողջական ենք մեր թերարժեքությամբ: Մեզ մեր սխալները ներողներ են պետք, մեր այտերը համբուրողներ են պետք, մեզ թրջված կամ հարբած էլ սիրողներ են պետք: Իսկ երկրորդ կեսեր, ներեցեք, ինձ պետք չեն…