19:17 , 12 մարտ, 2013
Մեր հասարակության ուշադրությունն այնքան է սևեռված մեր ներքաղաքական զարգացումների վրա, որ թվում է, թե գրեթե ոչ ոք չի նկատում, թե ինչ հեղափոխական աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որն անմիջականորեն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության ու հատկապես ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսի վրա, որը մինչ այժմ վարվում էր Օսկանյանի հիմնած «կոմպլեմենտարիզմի» ոգով։
Երկու կարևորագույն իրադարձություն է եղել, որոնք չեն արժանացել բավարար ուշադրության մեր կողմից.
1. Պուտինը պատրաստվում է նոր օրենք ընդունել Ռուսաստանում, համաձայն որի՝ Ռուսաստանում աշխատելու իրավունք կունենան միայն այն երկրների քաղաքացիները, որոնք մտնում են Մաքսային միության կազմի մեջ։
2. Երեկ՝ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից ժամեր առաջ, Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերը, ով հայտարարել էր, որ ՄԲ-ն պատրաստ է խոշոր ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։
Հիմա բացատրեմ, թե ինչ են նշանակում այս՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձությունները միասին և առանձին-առանձին Հայաստանի համար։ Մինչ այժմ Հայաստանը վարում է արտաքին քաղաքական կուրս, որը կարելի է բնորոշել «մեկ տուտուզով երկու աթոռի նստել» արտահայտությամբ: Այսինքն՝ մենք բալանսավորված հարաբերություններ ունեինք ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ և հաճախ մանևրում էինք այս երկու առանցքների շուրջ, երբ մեզ ինչ-որ բան էր պետք լինում մեկից կամ մյուսից։ Մյուս կողմից՝ մենք ունենք մի տնտեսություն, որտեղ բնակչության եկամուտի զգալի մասը կազմում են խոպանից եկող տրանսֆերտները, որոնց ընդհանուր թիվը մոտ 2 միլիարդ դոլար է, իսկ այդ 2-ից 1.5-ը գալիս է Ռուսաստանից։
Մյուս կողմից՝ մենք առնվազն 1998 թվականից հետևողականորեն վարում ենք եվրոինտեգրացիոն քաղաքականություն ու ահագին ճանապարհ ենք անցել այդ ուղում, բայց հիմա հասունացել է մի աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ Ռուսաստանը ոչ միայն դեմ է մեր հետագա ինտեգրմանը Եվրոպայի հետ, այլև այլընտրանք է առաջարկում՝ Մաքսային միության տեսքով, որը միտում ունի Եվրասիական միություն կոչվող դեռևս անհասկանալի ու տձև կառույցի վերածվելու։
Ես չեմ զարմանա, եթե Պուտին-Սարգսյան բանակցությունների արդյունքում հայտարարվի, որ Հայաստանը այլևս Մաքսային միության անդամ է կամ էլ առնվազն կմտնի Մաքսային միություն՝ շատ մոտ ժամանակներս (առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում)։ Բացատրեմ. Ռուսաստանը խաղի մեջ է մտցրել իր գլխավոր խաղաթղթերից մեկը։ Եթե հանկարծ Հայաստանը չմտնի Մաքսային միություն, իսկ Ռուսաստանը հանկարծ բացառություն չանի Հայաստանի համար (իսկ Ռուսաստանը դժվար թե բացառություն անի), ապա Պուտինի օրենքի ընդունելուց հետո Հայաստանը կունենա կես միլիոնից ավել աշխատունակ ու գործազուրկ և հիմնականում տղամարդկանցից բաղկացած հայրենադարձների բանակ Ռուսաստանից, որոնց կհավելվեն ևս հարյուր հազարավոր սոված բերաններ՝ ի դեմս նրանց ընտանիքի անդամների, ում ապրուստի հիմնական միջոցը Ռուսաստանում գտնվող հարազատների ուղարկած տրանսֆերտներն են։ Հասկանալի է, որ Հայաստանում շատ կարճ ժամանակում կհասունանա պերմանենտ հեղափոխությունների իրավիճակ, կամ ինչպես ռուսներն են ասում նման իրավիճակներում՝ голодный бунт-եր կսկսվեն, որոնց արդյունքում գահընկեց կարվի ցանկացած իշխանություն, եթե չկարողանա դուրս հանել նրանց այս փակուղուց։ Բնականաբար, սա ոչ մի լավ բան չի կարող բերել ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ առավել ևս առկա իշխանական-տնտեսական բուրգին, և Հայաստանը վերջնականապես կհպատակեցվի Պուտինին։
Հիմա Բրիտանիայի փոխվարչապետի մասով. չեմ անդրադառնա նրան, թե իրականում որքանո՞վ է հավանական, որ Բրիտանիան այնքան ներդրումներ կանի, որոնք կկարողանային չեզոքացնել վերևում նկարագրածս խնդիրը։ Ամեն դեպքում, մոտս այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը «հանձնել է» Հայաստանը Ռուսաստանին, որովհետև եթե սկզբունքային հակասություն լիներ այս հարցում, ապա նման խոստումներ շռայլելու առաքելությունը կստանձներ ԱՄՆ-ն, որը շատ ավելի ուժեղ դիրքեր ունի մեր տարածաշրջանում, քան Մեծ Բրիտանիան կամ էլ գոնե Եվրամիությունը։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պետք է անտեսել բրիտանացու այցը, որովհետև այդ դիրքի մարդիկ հենց այնպես չեն գալիս բանանային ռեսպուբլիկաներ, որ մի երկու բան խոստանան ու գնան։ Չեմ զարմանա, որ շուտով սկսեն լրատվական արտահոսքեր, որ Սայմոն Ֆրեյզերը հանդիպել է մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, հատկապես՝ արևտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների, որովհետև Արևմուտքը, հատկապես անգլոսաքսոնական Արևմուտքը, կարող է ժամանակավոր նահանջել՝ մեծ աշխարհաքաղաքական խաղի առանձին վերցված փուլում, բայց այդքան հեշտությամբ նրանք երբեք չեն հանձնվում և միշտ փորձում են վերադառնալ, իսկ վերադառնալու համար պլացդարմ է պետք, իսկ պլացդարմ ունենալու համար այն դեռ պետք է ստեղծել, իսկ այն ստեղծելու համար՝ պետք են մարդիկ, որոնք ձեռնամուխ կլինեն, և խիստ ցանկալի է, որ այդ մարդիկ լինեն տվյալ երկրի ներսի ֆիգուրներ։
Այնպես որ, էլի հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ ստիպված ենք ընտրել չարյաց փոքրագույնը, իսկ ամենացավալին այն է, որ շա՜տ դժվար է ասել, թե իրականում ո՞րն է չարյաց փոքրագույնը ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք մենք մեր լավագույն ադաթների համաձայն կրկին անգամ չենք հայտնվելու մեր հավերժ ուղեկիցը դարձած կոտրած տաշտակի առջև։