Ովքե՞ր են ԱԺ կուսակցությունների ամենահարուստ պատգամավորները


17:58 , 12 մարտ, 2013

Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորներըԱրդեն գաղտիք չէ, որ պատգամավորներից շատ-շատերը չեն մնացել իրենց չոր աշխատավարձի հույսին, որն, ինչպես իրենք են ասում, չի բավականացնում նույնիսկ սեփական հագուստի համար։ Ուստի պատգամավորներն էլ, ինչպես ժողովուրդն է ասում, կողքից այլ եկամուտներ են ստանում։ Հարկ է նշել, որ այս պատգամավորներից բոլորն ունեն սեփական բիզնես, և այդպիսով են հարստացել։ Slaq.am–ը ներկայացնում է ամենահարուստ պատգամավորներին։ Հիմք է հանդիսացել parliamentmonitoring.am կայքի տվյալները։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի ամենահարուստ խմբակցությունն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար:


Ծառուկյան Գագիկ Կոլյայի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորն է:
Գագիկ Ծառուկյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 6 շենք` մոտ 9000 քմ ընդհանուր մակերեսով, 9 հողամաս` 33,3558 հա տարածքով: Ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4):

Թանկարժեք գույք բաժնում հայտարարագրել է 8 ննջարանի և 2 ճաշասենյակի կահույք` 811 հազ. 750 եվրո ընդհանուր արժողությամբ: Նույն բաժնում հայտարարագրել է տղամարդու` ադամանդե քարով 3 ոսկե մատանի` 4 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը 1 մլն 300 հազ. ԱՄՆ դոլար է:

Տարեկան դրամական եկամուտը` 5 մլրդ 956 մլն 499 հազ. 676 ՀՀ դրամ (3 մլն 135 հազ. 310-ը` պատգամավորի աշխատավարձ), 60 մլն 81 հազ. 830 ԱՄՆ դոլար, 40 մլն եվրո (փոխառություն, շահաբաժին, վարձավճար):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 161 մլն ՀՀ դրամ, 30 մլն 730 հազ. ԱՄՆ դոլար, 20 մլն 483 հազ. եվրո:

Ունի բաժնեմաս 33 ընկերությունում: Դրանցից «Մուլտի գրուպ» կոնցեռնում, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ-ում, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ում, «Բելլեզզա» ՍՊԸ-ում, «Կոտայք» գարեջրի գործարանում, «Մուլտի Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում, «Հոթել Ռիգա» ՍՊԸ-ում, «Միրա Ջի» ՍՊԸ-ում ներդրման չափը 100% է:

Ալեքսանյան Սամվել Լիմինդրի

«Հանրապետական» խմբակցության ամենահարուստ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է, ով «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 4 շենք-շինություն` 12695.99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս` 3.4529 հա տարածքով, Երևանում, Կոտայքի ու Շիրակի մարզերում:
Ունի 4 ավտոմեքենա (Մերսեդես Բենց -500, ՎԱԶ- 21 124, Մերսեդես Բենց -600, Ռենջ Ռովեր սպորտ 4.2):
Հաշվետու տարվա եկամուտը` 17 մլն.659 հազ. 750 հազ. դրամ (3 մլն. 25 հազ. 750 դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը`շահաբաժին, վարձավճար):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 380 մլն. ՀՀ դրամ, 9 մլն. 385 հազ. ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Հովհաննեսյան Վահան Էդուարդի

ՀՅԴ խմբակցությունից ամենահարուստ պատգամավորը Վահան Հովհաննիսյանն է։ Նա «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում` 53.5 քմ մակերեսով և 1 հողամաս Կոտայքի մարզում (0.18 հա):

Ունի 1 ավտոմեքենա (Nissan Altima):

Տարեկան եկամուտը` 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 40 մլն ՀՀ դրամ, 10 հազ. ԱՄՆ դոլար, 175 հազ. եվրո:

«ՄԵԴԻՔԱԼ» ընկերությունում ունի 25% բաժնեմաս:

Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի:

Բագրատյան Հրանտ Արարատի

ՀԱԿ–ից Հրանտ Բագրատյանը «Անշարժ գույք» բաժնում հայտրարագրել է 1 առանձնատուն հողամասով (613 քմ, 0,07 հա) և 2 բնակարան Երևանում` 205 քմ ընդհանուր մակերեսով:
Ունի 1 ավտոմեքենա (Նիսսան X-trail):
Տարեկան եկամուտը` 1 մլն 502 հազ. 400 դրամ (աշխատավարձ Ռուս-հայկական համալսարանից), 98561 գրիվնա (աշխատավարձ Ոկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարանից), 9400 եվրո (շահաբաժին «Pernod-Ricard»-ից):
Դրամական միջոցնրը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 63 հազ. ԱՄՆ դոլար և 27 հազ. 200 եվրո:
Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:

Փոստանջյան Զարուհի Համազասպի

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ` 19.3 քմ մակերեսով Երևանում:

Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, նաև դրամական միջոցներ չի հայտարարագրել:

Մարգարյան Հովհաննես Հայկի

ՕԵԿ խմբակցությունից ամենահարուստ պատգամավորը Հովհաննես Մարգարյանն է, ով «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակարան Գյումրիում և Երևանում ` 236.4 քմ մակերեսով, 1 նկուղ` 136 քմ մակերեսով և 1 հողամաս (0.76 հա):
Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 600 հազ. դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին` 3 մլն 700 հազար դրամ:
Թանկարժեք և շարժական գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել:
Հ.Գ. Հարկ է նկատել, որ պատգամավորներն իրենց եկամուտներն ամբողջությամբ չեն հայտարարգրել, քանի որ կան պատգամավորներ, ովքեր միայն հավատարմագրել են մեկ ավտոմեքենա։

 Աղբյուրը՝ slaq.am