20:07 , 12 մարտ, 2013Երևանյան սրճարաններից մեկում հանդիպում նշանակեցի գերմանահայ դիզայներ Էդուարդ Հովհաննիսյանի և իր գործընկերոջ` Ջուլիանի հետ: Եղանակը բավականին հաճելի էր, մեղմ, 40-ի հասնող ջերմաստիճանի ազդեցության տակ, երբ փողոցում հրկիզվում էին հատուկենտ անցորդներն ու լեզուները դուրս գցած անտուն կենդանիները, մենք փորձեցինք աշխատել :)

Անձնական տվյալներ
Ծնվել է 1966թ. Արտաշատում` Ալվարդ և Դուրեկան Հովհաննիսյանների ընտանիքում: Մանկուց առանձնահատուկ սեր է ունեցել նորաձևության հանդեպ` ոգեշնչվելով մոր աշխատանքից, ով այդ ժամանակ հագուստ էր ձևվում:
1993թ. տեղափոխվել է Գերմանիա, երբ 27 տարեկան էր: Մինչ Եվրոպա մեկնելը կյանքի մասին համառորեն լռում է` ասելով, որ այն, ինչ եղել է մինչև Գերմանիան, անցյալ է, որի մասին չի ցանկանում խոսել:
2003թ. ընդունվել է Մանհեիմի մասնավոր դիզայնի դպրոցը, որն ավարտել է 2006թ.:
2007թ. աշնանը Steigenberger հյուրանոցում ներկայացրել է Mannheimer Hof ցուցադրությունը:
Ամեն տարի Բեռլինում ներկայացնում է 1-2 ցուցադրություն, որոնցից բավականին մեծ աղմուկ բարձրացրածների շարքում են Sunset blv և Haute Couture-ը:

- Ջուլիան, առաջին հարցը քեզ ուղղեմ. ինչպիսի՞ տպավորություն ունես Հայաստանից:
- Բավականին լավ, սարսափելի շոգ է, շատ բաներ զարմացրել են, իսկ շատ բաներ զվարճացրել:
- Ի՞նչ գիտես Հայաստանի մասին և ի՞նչ ես կարծում` Հայսատանն ինչպիսի՞ երկիր է` ավելի շատ արևելյա՞ն, թե՞ արևմտյան:
- Շատ տեղեկություններ չունեմ: Այն, ինչ էլ գիտեմ, Էդուարդից եմ իմացել. չեմ կարծում, որ Հայաստանը արևելյան երկիր է, սակայն չեմ կարող ասել, որ այն արևմտյան է. Հայաստանը ավելի տարբերվող է, կրում է երկու աշխարհների ընդհանուր գծերը, սակայն մնում է ինքնատիպ: Իսկ ընդհանրապես` կարծում եմ, որ հայ իրականությունն ավելի մոտ է ամերիկյան մշակույթին. այստեղ ամեն ինչ ավելի ամերիկյան է:
- Ամերիկյա՞ն... Ինչո՞ւ, ինչի՞ց այդպիսի եզրակացության հանգեցիր:
- Կարծում եմ` մայրաքաղաքից, շենքերից, սրճարաններից... Հստակ չեմ կարող ասել, ուղղակի տպավորությունն է այդպիսին...
- Էդուարդ, շարունակենք զրույցը Ձեզ հետ. այսօր Էդուարդ Հովհաննիսյան անունը բավականին հայտնի դարձավ նորաձևությանը և շոու-բիզնեսին հետևող երևանյան միջավայրին: Հարց է ծագում` Հայաստանի հետ կապված պլաններ կամ նախագիծ ունե՞ս, ասենք, Երևանում ներկայացնել Ձեր դեֆիլեն կամ գուցե ատելյե-բուտիկ բացե՞լ:
- Գործընկերոջս հետ եկել եմ Հայաստան, և ցանականում ենք նախ` տեղի շուկան ուսումնասիրել, տեսնել` ինչ մթնոլորտ է այստեղ տիրում նորաձևության առումով, ապա` ավելի պարզ կլինի, թե ինչ ծրագրեր կունենանք, քանի որ հենց դեֆիլեն Երևան բերելու ցանկություն կա:
- Այս ժամանակահատվածում ի՞նչ տեղեկություններ եք ձեռք բերել երևանյան դիզայներների կամ ներկայացվող բրենդերի վերաբերյալ:
- Ասեմ. շատ քիչ տեղեկություն եմ քաղել, սակայն որքան հասկացա, այնքան էլ զարգացած չէ նորաձևությունը Հայաստանում: Մի քանի անուն իմացա` Արամ Նիկոլյան, Արևիկ, ազգանունը չեմ հիշում (նկատի ունի դիզայներ Արևիկ Սիմոնյանին- հեղ.)... ճիշտն ասած, ոչինչ չտպավորվեց մեջս, շատ անկազմակերպ հավաքածուներ էին... Նկատվեց, որ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերված:
- Իսկ ո՞րն է հենց Էդուարդ Հովհաննիսյանի` որպես դիզայների նպատակը:
- Մեր երկուսի` իմ և Ջուլիանի, նպատակը համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ հիմնելն է, որը կունենա շուկայի լայն տարածում, ներկայացված կլինի և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում և, ինչու ոչ, նաև Հայաստանում:

- Այսպիսի ցանկությունների համար կա՞ն արդեն նախադրյալներ:
- Մենք հայաստանյան դիզայներներից տարբերվում ենք նրանով, որ բաց մուտք ունենք եվրոպական շուկա: Հայ դիզայներները, ովքեր աշխատում են Հայաստանում, մեծ մասամբ այս երկրից ավելի բարձրունքների հասնել չեն կարողանում, իսկ մեր առավելությունն այն է, որ ունենք այդ հնարավորությունը` ասենք, Փարիզում, Բեռլինում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում ներկայանալու: Դա մեզ համար բավականին հեշտ է:
- Ասացիք, որ այստեղ նորաձևությունն այնքան էլ զարգացած չէ: Այս դեպքում երբվանի՞ց Հայաստանը սկսեց ձեզ հետաքրքրել, որտեղ կարելի է ցուցադրել Էդուարդ Հովհաննիսյան բրենդը:
- Գիտես, նորաձևության մեջ այդքան էլ երկար ժամանակ չեմ` մոտ չորս տարի, սակայն այդ չորս տարիների ընթացքում ցանկությունը միշտ էլ եղել է: Երկու տարի մասնավոր սովորել եմ, ապա` մնացած չորս տարիների ընթացքում այնպես եմ աշխատել, որ հիացրել եմ իմ աշխատանքով: Հայաստանի հանդեպ միշտ էլ կար հետաքրքրություն և ցանկություն, նաև կարծում եմ, որ մոտ ժամանակները հնարավորություն կստեղծվի այդ ցանկությունն իրականացնելու:
- Շատ լավ իմանալով, որ մեծ ռիսկ է նման աշխատանք սկսելը, ի՞նչ ես կարծում`պատրա՞ստ ես դրան:
- Կարծում եմ` այո: Կարծում եմ` այս չորս տարվա ընթացքում հավաքած փորձը բավականին մեծ է ինձ համար, և այն փաստը, որ իմ վերջին երկու դեֆիլեները շլացուցիչ հաջողություն ունեցան Գերմանիայում, ինձ հիմք են տալիս ասելու, որ բավականին հասունացել եմ նորաձևության մեծ ասպարեզ մտնելու համար:
- Պատմիր ցուցադրություններիդ մասին:
- Առաջին դեֆիլեն, որի անվանումը Sunset Boulevard է, համանուն է հոլիվուդյան կինոֆիլմին, վստահվեց Գերմանիայում բավականին մեծ ճանաչում վայելող մի ընկերության, որպեսզի նրանք զբաղվեն կազմակերպչական և շոուի պատրաստման աշխատանքներով, որը, պետք է խոստովանեմ, մեծ հաջողություն ունեցավ ամբողջ Գերմանիայում:

- Ո՞րն էր հաջողության գաղտնիքը:
- Ինչ խոսք, դրանում մեծ դեր խաղաց ամբողջ անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև հենց դեֆիլեի ժամանակ առկա անակնկալները` ինչպիսիք էին օպերային մեներգչուհին, ջութակի անկրկնելի կատարումը, որից դահլիճը ահավոր հուզվել էր: Ցուցադրություններիս հաջողության գաղտնիքը նաև այն է, որ միայն հագուստի ցուցադրություն չեմ կազմակերպում. դա մի ամբողջ բարդ կառուցված շոու-հաղորդում է` լի անսպասելի տեսանյութերով, տաղանդավոր երաժիշտներով, էքստրեմալ ցուցադրությամբ: Անհնար է, որ այդպիսի աշխատանքը չարժանանա մեծ ուշադրության:
- Ի՞նչ կարող ես ասել երկրորդ դեֆիլեիդ մասին: Գիտեմ, որ այն բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, շլացուցիչ հաջողություն ունեցել: Դրա հաջողության գրավականը գուցե այն էր, որ այն թանգարանում, որտեղ ցուցադրեցիր երկրորդ հավաքածուդ, Լեդի Գագային արգելել էին տեսահոլովակ նկարահանել:
- Լիովին ճիշտ ես: Դեֆիլեից մեկ օր հետո գերմանական բոլոր լրատվական կայանները հայտնեցին և հրապարակեցին, որ Էդուարդ Հովհաննիսյանը ՙհետ գցեց՚ Լեդի Գագային: Բուն դեֆիլեն ընթացավ մի շատ հետաքրքիր թանգարանում, որի բոլոր ցուցանմուշները վաղուց մահացած մարդիկ են, ավելի ճիշտ` այն, ինչ մնացել էր նրանցից, և այդ վախեցնող ու ազդեցիկ միջավայրում դեֆիլե կազմակերպելը բավականին մեծ հաջողություն էր: Մի քանի օր էր անցել դեֆիլեից, սակայն ողջ Գերմանիայում այնպիսի աղմուկ էր տիրում...

- Փաստորեն, կարողացել ես գրավել Գերմանիան: Հուսանք, որ մոտ ժամանակները նաև երևանյան միջավայրում մեզ կհաջողվի դիտել այդպիսի անկրկնելի ներկայացում:
- Կարծում եմ` դա բավականին շուտ կլինի. արդեն այս տարվա հոկտեմբերին հնարավոր է` Երևանում կայանա իմ դեֆիլեն, որը սարսափելի մեգանախագիծ է, որն այժմ նախապատրաստական փուլում է: Այնպես որ, սպասենք մինչ հոկտեմբեր: