Արսենը, Նազենին, Ֆելիքսը, Հովոն, Դելոն և մյուսները՝ «Ես էլ» ֆիլմի ցուցադրությանը


17:04 , 12 մարտ, 2013

Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Ես էլ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Հովոն, Դելոն, ռեփեր Դավոն սիրելիի՝ Սոնայի հետ, Արտակ Վարդանյանը, Հրանտ Մովսիսյանը, Աննա Հարությունյանը և այլք: 

 Ֆիլմը նկարահանվել է դեռևս 1 տարի առաջ, իսկ երևանյան առաջնախաղը կայացել է «Ոսկե ծիրան» իններորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ: «Ես էլ»-ի սցենարի հեղինակ և ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը esyes.am-ին հայտնեց, որ երկրորդ ցուցադրությունը պրոդյուսերի «պահանջն» էր. «Ֆիլմը հաղթել էր փառատոնում, բացի այդ մեծ էկրանին չէր ցուցադրվել: Պրոդյուսերը «պահանջեց», որ այն ցուցադրենք և նաև նշենք, որ փառատոնում հաղթել ենք:)»:

«TAO»  փրոդաքշնի և ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի առաջին համատեղ աշխատանքը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգի մրցանակին, իսկ «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում հատուկ հիշատակվել է ժյուրիի կողմից: 

 «Ինձ համար այս ֆիլմը նախ և առաջ ընդգծվում է որպես փայլուն օպերատորական աշխատանք: Նման կարճ ֆիլմում նման փայլուն օպերատորական աշխատանք անհնար էր պատկերացնել: Մաղթում եմ, որ Տաթևիկ Մանուկյանն ու Տիգրան Դանիելյանը «TAO»  փրոդաքշնի շրջանակներում շարունակեն նման փայլուն աշխատանքեր ներկայացնել»,- մեզ հետ զրուցում ասաց Արտակ Վարդանյանը:

Ֆիլմում նկարահանվել են Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հասմիկ Մուրադյանը, Հայկ Թադևոսյանը, Ռուզաննա Ազիզյանը: Ինչպես նշեցինք,  ռեժիսորն ու սցենարիստը Լիլիթ Մովսիսյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝ Տաթևիկ Մուրադյանը: 

 «Ես էլ» ֆիլմը մի երիտասարդի մասին է, ով հայտնվել է հոգեբուժարանում: Նրան մարմնավորում է Արսեն Գրիգորյանը: «Մարդը հայտնվել է մի իրավիճակում, ինչի պատճառն ակնհայտորեն ինքը չէ: Չես հասկանում՝ խնդիրն այս մարդու մեջ է, թե՞ շրջապատի: Շատ հաճախ դժվար է զանազանել խնդիրը քո՞ մեջ է, թե շրջապատի: Երբեմն վերջինի մտածելակերպը, հայացքներն են քեզ համար խնդիր դառնում,- esyes.am-ի հետ զրույցում նշեց Արսենն ու հավելեց, որ միշտ հաճույքով է աշխատում Լիլիթի հետ: -Երբ աշխատում եմ Լիլիթի հետ, որպես դերասան գիտեմ, որ հայտնվելու եմ մի իրավիճակում, երբ նոր բան եմ ստեղծում: Դա Լիլիթի շնորհիվ է, որովհետև նա կարողանում է ստեղծել այդ իրավիճակը, ճիշտ աշխատել ինձ հետ՝ խոսել, զրուցել, լսել:  Ավելի շատ զգում ենք իրար, այդ իսկ պատճառով, երբ Լիլիթն ասում է, որ ինչ որ բան է նկարելու, ուրախանում եմ: Գիտեմ, որ որպես դերասան նոր բան եմ հայտնաբերելու: Լիլիթի հետ աշխատելը կարծես ճանապարհորդություն լինի»: 

 Ֆիլմի պատրաստման ընթացքը տևել է մոտ 1 ամիս: «Նկարահանման ամբողջ ընթացքում եղել եմ նկարահանման հրապարակում, որովհետև ստեղծագործական կազմի անդամներն ընկերներս են: Երևի քսան-քսանհիգերորդ անգամն եմ նայում ֆիլմը: Կարևորն այն է, որ գրեթե բոլորը գոհ են արված աշխատանքից: Կարծում եմ՝ շատ սիրուն ֆիլմ է ստացվել, կարևորը՝ ասելիք կա»,- ասաց ռեփեր Դավոն ու նշեց, որ ստեղծագործական մասով մասնակցություն չի ունեցել, սակայն փորձել է աջակցել անձնակազմին:

Նշենք, որ ֆիլմն այժմ էլ ներկայացված է միջազգային մի քանի փառատոնների, իսկ «TAO»  փրոդաքշնն իր գործունեությունն այսքանով սահմանափակել չի պատրաստվում: