Այս երկիրը ոտքի չի կանգնում հենց այս գողությունների պատճառով


14:38 , 4 փետրվար, 2017
News.am-ով կարդում եմ «1,5 կգ միս գողանալու համար դատապարտել են 2 տարի պայմանական ազատազրկման» վերնագրով նյութ։ Աչքովս ընկան ներքևում արված մոտ 200 մեկնաբանությունները, և ես սարսափեցի ուղղակի։
200+ մեկնաբանողները արդարացնում են գողին, հասկանու՞մ եք, ուղղակի արդարացնում են գողին` մատնանշելով վերևում կատարվող ավելի մեծ գողությունները։ Ժողովուրդ, սա սարսափ է։ Այս երկիրը ոտքի չի կանգնում հենց այս գողությունների պատճառով` ստորին օղակներում 1 կգ միս կամ մեկ տուփ սիգարետի գողերից սկսած մինչև բյուջեից միլիարդներ թալանողները։
Էս երկրում մարդ չի կարողանում փոքր գումարով փոքր այգի դնել` առանց պարիսպ սարքելու, որովհետև մի քանի ստորներ գողանում են ընդամենը առաջին հայացքից 500 դրամից պակաս արժեցող տնկիները, ու էս մարդկանց ունեցած վերջին կոպեկով ներդրումը մի տականքի պատճառով փոշիանում է, էս երկրում բաց պայմաններում չեն կարողանում աճեցնել տեղական սիսեռ, ոլոռ նույն պատճառով, ու եթե արտի տերը հարյուրավոր 5 կիլոգրամներով գողացողներից մեկին բռնի, բահով սատկացնի իր տնտեսությունը կործանելու համար, գրելու են 5 կգ սիսեռի համար սպանեց խեղճ ու սոված գյուղացուն։ Երբ որ խնձորի այգիների տերերը ամբողջ տարի բառիս բուն իմաստով արևի տակ վառվելով, ընտանիքով քրքվելով էտ են անում, բուժում են, պարարտացնում են այգին և բերքը հասնելուց ստիպված օրերով մնում են այգիներում` վրանի տակ, անձրևներին ու ցրտին, որ մի քանի ձեր ասած «անապահով» տականքներ 1-5 կգ-ներով չգողանան իրենց աշխատանքի արդյունք, նրանց էլ չտանեն սնանկացման, կհասկանաք 1 կգ միս, խնձոր, ոլոռ, սիսեռ գողացողները մե՞ղք են, քավության նոխա՞զ են, թե՞ նույն տականքներից են, ինչ միլիարդներով բյուջե թալանողները, ուղղակի սրանք փոքր հնարավորություն ունեն գողանալու։ Էդ 1 կգ միս գողացողներին պաշտպանողներին հարց եմ տալիս, բա էդ 6 ամիս տանջվող, տառապող, խոզին խնամող պահողը մարդ չի՞, ընտանիք չունի՞, մեղք չի՞, որ չարչարանքի արդյունքը ինչ-որ մեկը, բացարձակ ոչ մի բան չանելով, կոնկրետ ուտի։ Կամ հլը էդ նույն խեղճը ձեր գրպանից ընդամենը 200 դրամ տանի, ի՞նչ կանեք։