02:14 , 4 փետրվար, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-ուկրայինական ընկերությունը հիմնվում է ամուր հիմքի վրա: Այդ մասին ասվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Պյոտոր Պորոշենկոյին ուղղված շնորհավորանքում, հայտնում է gazeta.ru-ն:
«Մարտահրավերները, որոնց հետ մենք առնչվել ենք տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրք-ուկրայինական ընկերությունը հիմնվում է ամուր հիմքի վրա, իսկ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ավելի ու ավելի է խորացել»,- մեջբերվում են Էրդողանի խոսքերը:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ մոտակա ամիսների ընթացքում ծրագրվող իր այցը Ուկրաինա նոր շունչ կտա հարաբերություններին:
Իր հերթին Պորոշենկոն նշել է, որ 25 տարվա ընթացքում Ուկրաինայի և Թուրքիայի միջև հարաբերությունները «ռազմավարական չափում և խորություն» են ձեռք բերել: