Արաբական թերակղզում ձյուն է եկել


01:00 , 4 փետրվար, 2017

 Աննախադեպ սառը ցիկլոնը ուրբաթ օրը ծածկել է Պարսից ծոցի երկրները Արաբական թերակղզում, որը համարվում է աշխարհում ամենատաք գոտիներից մեկը:

Ինչպես հայտնել է ԱՄԷ-ի օդերևութաբանական բյուրոն հյուսիսային Ռաս-ել-Խայմա էմիրաթի տարածքում գտնվող Ջեբել Ջես լեռնային բարձունքում ձյուն է տեղացել: Ձյունը պատել է ինչպես Սաուդյան Արաբիայի հյուսիսը, այնպես էլ մայրաքաղաքային շրջանի բարձրադիր հատվածները:

Սրա հետ մեկտեղ քամու ուժգնությունը Օման սուլթանությունում և ԱՄԷ-ի տարածքում հասնում է ժամում 60 կմ-ի: Անբարենպաստ եղանակի պատճառով Դուբայում, Աբու-Դաբիում և ԱՄԷ-ի այլ քաղաքներում փակվել են բաց երկնքի տակ գտնվող զվարճանքի կենտրոնները և զբոսայգիները:

Ինչպես սպասվում է անսովոր ցուրտ եղանակը տարածաշրջանում կտևի ևս հինգ օր, չնայած որ ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ արդեն շաբաթ օրվանից: