Հայկական բիո-փելլեթների ՀԿ-ն` Ավստրիայի «Աշխարհի վերականգնողական էներգիայի օրեր» միջազգային կոնֆերանսում


21:44 , 11 մարտ, 2013

Արդեն երկրորդ տարին է, որ «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» հասարակական կազմակերպությունը Հայաստանը ներկայացնում է Ավստրիայում՝ փետրվարի 27-ից մարտի 1-ը տեղի ունեցող «Աշխարհի վերականգնողական էներգիայի օրեր» (WSED) միջազգային կոնֆերանսում։

WSED-ը եվրոպական ամենամեծ կոնֆերանսներից մեկն է, որը միավորում է վերականգնողական էներգիայի վերաբերյալ բազմաբնույթ միջոցառումներ։

100 եւ ավելի երկրներից ավելի քան 10,000 մասնակիցներ, այդ թվում փորձագետներ, բաձրաստիճան այրեր ներկա են գտնվում կոնֆերանսին ՝ խոսելու «կանաչ էներգիայի» եւ էներգիաարդյունավետության մասին։

Լենա Մամիկոնյանը, ով հանդիսանում է Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի մագիստրոսական ծրագրի ուսանող եւ Հայաստանում Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ կազմակերպության ներկայացուցիչ, այս տարի Ավստրիայի Վելս քաղաքում ամենամյա կոնֆերանսին ներկայացրել է իր՝ Հայաստանում իրականացրած ուսումնասիրությունը։

Ուսումնասիրությունը բացահայտեց Հայաստանում բիո-փելլեթների արտադրության ստեղծման խնդիրները եւ հնարավորությունները՝ սկսած էներգետիկ մշակաբույսերի հնարավոր մշակումից մինչեւ բիո-փելլեթների օգտագործումը հայկական ներքին շուկայում: Բիո-փելլեթները ստացվում են հատուկ աճեցված խոտաբույսերից եւ կարող են մանրացվել ու խտացվել փելլեթների, որոնք հետագայում կարող են այրվել հատուկ փելլեթների՝ խիստ արդյունավետ ջեռուցման համար ձեւավորված վառարանում եւ հնարավորինս կարող են լավ աշխատել ջերմոցներում:

Կոնֆերանսավար պարոն Ուոլտեր Հասլինգերի այն հարցին, թե բիո-փելլեթների ինչ մասշտաբի գործունեություն եք պլանավորում Հայաստանում, Լենա Մամիկոնյանը պատասխանեց.

-Մի քանի գյուղերի համար, բայց հետագայում մենք կընդլայնվենք:

Լենա Մամիկոնյանի մասնակցությունը կոնֆերանսին հնարավոր դարձավ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի, Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ հասարակական կազմակերպության, Վերին Ավստրիայի տարածքային կառավարության եւ իր Էներգետիկ գործակալության շնորհիվ (Oberösterreich Energiesparverband):

Հայաստանում հիմնադրված Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ ՀԿ-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն պարոն Միքայել Օհլինը (ծագումով Ստոկհոլմից, Շվեդիա), ով այժմ բնակվում է Հայաստանում, բացատրում է, որ բիո-փելլեթները խիստ արդյունավետ ջեռուցման այլընտրանք են եւ կարող են մի քանի այլ բաղադրիչների շղթայի ինտեգրման միջոց հանդիսանալ, որը կարող է ստեղծել աշխատանք, էներգիա եւ պարենային անվտանգության հնարավորություններ՝ մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում աշխատողների համար, ովքեր մտադիր են անցում կատարել իրենց ջեռուցման համակարգերից վերականգնվող էներգիայի: