Ամեն ինչ լուսավորված է (ֆիլմը)


14:02 , 28 մարտ, 2012

Այն, որը գիրքը դժվար էկրանավորվող էր, հենց սկզբից էլ գիտեի: Այնուամենայնիվ, թրեյլերն ահագին հուսադրող էր, որովհետև այնտեղ տեսա ճիշտ նույն Սաշային, որը գրքում էր նկարագրված, և Ջոնաթանին, որն իմ պատկերացրածից հեռու չէր: Իսկ ֆիլմից մի մեղեդի մինչև այն դիտելն էր ուշադրությունս գրավել. մի երկու օր առավոտից երեկո լսում էի:

Բայց ցավով պիտի նշեմ, որ այսքանով ավարտվում են ֆիլմի դրական կողմերը: Հա, դժվար է երեք զուգահեռ պատմություններն էկրանավորել: Դրա համար հասկանում եմ միայն մեկի ընտրությունը: Բայց մնացածը չեմ հասկանում: Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր տեքստն ավելի ազդեցիկ լինել, քան պատկերը: Չեմ հասկանում, թե ինչու են պատմության մեխը ֆիլմից հանել, դուրս շպրտել: Հա, էլի ցույց են տալիս, որ պապիկն ինչ-որ ապրումներ ունի, որ Համաշխարհայինի ու հրեաների ջարդի հետ ինչ-որ կապ ունեցել է, բայց ցույց չեն տալիս` ինչ: Իսկ գրքում հենց դա է գլխավորը, հենց դա է ուղեղդ խառնում իրար, որ չես հասկանում` որն է ճիշտը, հենց դա է, որ խանգարում է վերջին քսան էջը կարդալ, որովհետև միտքդ կենտրոնացած է դրա վրա (թե ինչը, գիրքը կարդացեք, իմացեք): 

Անգամ հերոսների ապրումները տեքստով ավելի լավ ես ընկալում, քան նրանց տեսնելով: Հեղինակը մանրակրկիտ աշխատանք է տարել, ամեն մի բառն ընտրել է, անգամ որոշ տեղերում բառերն իրար կպցրել էր, կետադրությունը` բաց թողել: Ու հենց էդ տեքստն էր մուրճով հարվածում ուղեղիդ: Իսկ ֆիլմում մենակ պատկերներ էին, անկապ, ոչինչ չասող, ոչ համոզիչ պատկերներ: Էլ չեմ ասում, որ Ավգուստինային բռնեցին, զոռով տատիկի քույրը սարքեցին, մինչդեռ գրքում նա այդպես էլ չի գտնվում, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ պատահեց նրան: Ու դա կարևոր էլ չի լինում: 

Իմ անձնական խորհուրդն է գիրքը կարդալ. այն հաստատ ավելի խորն է: Համենայնդեպս, ֆիլմի թրեյլերը նայեք: