Ի՞նչ հիվանդություններ գիտես. գրի՞պ, գլխացա՞վ ու կոկորդի ցա՞վ: Ես թվարկեմ նրանք, որոնք գիտեմ. երևակայական հարբուխ դպրոցից, համալսարանից կամ աշխատանքից խուսափելու համար, մեջքի ուժեղ, անբացատրելի ցավեր տնային աշխատանքից խուսափելու համար և սարսափելի ուժեղ սրտխառնոց չսիրած ուտելիքից խուսափելու համար: Ու թեև կյանքիս կարճատև ընթացքում թվարկածս ոչ մի հիվանդությանը ոչ ոք չի հավատացել, ամեն դեպքում կան էլ ավելի զարմանալի հիվանդություններ: Դրանք շատ քիչ են հանդիպում, իսկ անմիջապես աչքովդ տեսնելիս տարակուսում` միաժամանակ սարսափում ես բնության հումորի զգացումից: Ասենք` ինչպես քեզ կզգայիր, եթե մաշկդ կապույտ լիներ կամ, ասենք, չկարողանայիր քնել, ոչ էլ դրա պահանջն զգայիր, կամ ավելի սարսափելի բան. կահույքի մի մաս կամ ժամացույց ուտելու ցանկություն ունենանայիր, կամ, որ էլ ավելի տարօրինակ է, ալերգիա ունենայիր ջրից: Սրանք սակավ հանդիպող, բայց միանգամայն իրական հիվանդություններ են:
Կապույտ մաշկի սինդրոմ
Ամեն հիվանդության հատկանշական համախտանիշերից է տհաճ զգացողությունը` անկախ նրանից` պարզապես մրսած եք, ցավացող տեղ ունեք, ջերմություն, թե` սրտխառնոց: Իսկ ինչպես կվերաբերվես այն հիվանդությանը, որի ժամանակ ոչ մի տհաճ զգացողություն չունես, միայն մի տարբերությամբ, որ մաշկը կապտում է: Այս հիվանդությունն ունեցող նույնիսկ ընտանիքներ կան. կապույտ մաշկով հայրն է, մանուշակագույն մաշկով` աղջիկը, տղան` երկնագույն մաշկով (սխալ իմաստով չհասկանաք): Հիվանդությունը փոխանցվում է գենետիկ ճանապարհով, որն արտահայտվում է վաղ տարիքից: Հիվանդությունն արտասովոր հետևանքներ չունի, չնայած ողջ կյանքը թանաքամանի նման լինելն արդեն իսկ արտասովոր է :) Գենետիկորեն այսպիսի մաշկային հիվանդները չունեն առողջական լուրջ գանգատներ և ապրում են մինչև 80-90 տարեկան: Հետաքրքիր է, թե ինչու բնությունն այս հիվանդության համար ընտրեց միայն մեկ գույն. ասենք, ես շատ եմ սիրում վարդագույնը, կարմիրը, նաև պուտավոր, սև ու սպիտակի բազմազանությունը... Ի վերջո, հետաքրքիր կնայվեր, եթե հիվանդը լիներ, ասենք, ծիածանի բոլոր երանգներով միաժամանակ:

Բլաշկոյի գծեր
Ներիր, դու սիրո՞ւմ ես զեբրերին. ես շատ եմ սիրում, միշտ երազել եմ ունենալ սեփական զեբր, հետո նրանից գորգ սարքել և փռել հատակին` անկողնուս մոտ :)
Դեռ 1901թ. այս հիվանդությունը հայտնաբերել է գերմանացի բժիշկ Ալֆրեդ Բլաշկոն: Հիվանդության հետևանքով դրանով տառապողներն անասելի զգայուն են միջավայրի հանդեպ. բավարար է թիկունքից անգամ թեթևակի դիպչես հիվանդին և նրա բղավոցներից չես ազատվի առաջիկա կես ժամը: Հատկանշական ախտանիշերից են արտասովոր գծերը հիվանդի մաշկի վրա: Այլ կերպ ասած, հիվանդության հետևանքով մաշկի վրա առաջանում են զեբրի գծեր: Դե, ասենք, որպես մխիթարանք կարելի է զեբրի փոխարեն ասել` վագրի, այնքան էլ վիրավորական չի հնչի :)
Հիպերտիմեստիկ սինդրոմ
Երեկ գնացել էի խանութ, երկու ժամ հիմարի պես նայում էի վաճառողուհու դեմքին` փորձելով հիշել, թե ինչ եմ ուզում: Հուսահատությունից հաց գնեցի, հետ վերադարձա տուն և հիշեցի, որ դուրս էի եկել սուրճի համար: Հիպերտիմեստիկ համախտանիշով տառապող մարդիկ շատ քիչ են, այս հիվանդների հատկանշական տարբերությունն այն է, որ նրանք հիշում են ամեն ինչ: Չէ°, ոչ թե հիշում են, թե երբ են դպրոց գնացել, այլ, ասենք, մանրամասն կարող են պատմել` ինչ էին անում 10 տարի 6 ամիս 2 օր ու 4 ժամ առաջ: Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկները փորձում են նմանատիպ հիվանդությամբ տառապող 40-ամյա մի կնոջ օրինակով պարզել սինդրոմի սկզբնապատճառները. մինչ այսօր, սակայն, նրանց ուսումնասիրություններն արդյունքներ չեն տվել: 40-ամյա կինը, ում անունը չի հրապարակվում, հիշում է իր կյանքի ամեն մի վայրկյանը. անգամ` ինչ եղանակ էր այն ժամանակ, իր կողքին գտնվող մարդն ինչ էր խոսում, ինչ վերնաշապիկով էր:

Պարֆորիա, վամպիրների հիվանդություն
Հիշո՞ւմ ես կոմս Դրակուլային: Նրա կերպարն ինձ ոգեշնչում էր պատանեկության տարիներին, երբ ծանր ռոք լսելու պատճառով ինքս վամպիրից չէի տարբերվում: Պարֆորիա հիվանդությունն այլ կերպ կոչում են վամպիրների հիվանդություն: Այս հիվանդությամբ տառապողները չեն դիմանում արևի լույսին, մաշկի վրա արևային ճառագայթների պատճառով առաջանում են արյունահոսող ճաքեր, ձևափոխվում են վերջույթների ոսկրերը` ավելի հիշեցնելով կենդանու վերջույթների, տձևանում են քիթն ու ականջները` ավելի շուտ հիշեցնելով չղջիկի, շրթունքները հետ են աճում, ատամները` ավելի սրվում: Այս հիվանդները ցերեկվա ժամերին թույլ են, ուժասպառ, մինչդեռ գիշերները` հակառակը, առույգ են, եռանդուն: Չգիտեմ նկատեցիր, թե չէ, բայց ես տպավորություն ունեմ, որ կարդում էի հռչակավոր վամպիր կոմս Դրակուլայի կենսագրությունը:շ
Ցիցերո
Քեզ երբևիցե չի՞ հետաքրքրել, թե ինչու տապակած հավի կամ խորովածի հոտ առնելիս ախորժակդ ուրախությունից կատաղում է, իսկ, ասենք, հասարակական զուգարանի հոտ առնելիս` ոչ: Սա բոլորիս համար միանգամայն բնական է, բայց ինչ կմտածեիր նրա մասին, ում ախորժակն այնքան է գրգռվում, ասենք, մեխերից, հեռախոսից կամ, որ ավելի ահավոր է, թանաքից: Այս սարսափը կոչվում է մի բառով` Ցիցերո: Այս հիվանդությանը դեռ ոչ մի բժիշկ հստակ բացատրություն չի տվել: Կա միայն մի ենթադրություն, ըստ որի` հիվանդների ենթագիտակցությունը ինչ-որ միկրոբաղադրիչների պակաս է զգում և առանց հատուկ ընտրության կլանում դրանք: Գիտեմ, բժշկությունն այս հիվանդությանը բացատրություն չի տվել, սակայն Աստվածաշունչը վաղուց է տվել է` որկրամոլություն :)

Միկրոպսիա, սինդրոմ` Ալիսան հրաշքների աշխարհում
Բոլորս հիշում ենք «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը, մեծ ու փոքր դռները և Ալիսայի անհասկանալի մեծանալն ու փոքրանալը: Բավականին տարածված այս հիվանդությունը պատկանում է նյարդային հիվանդությունների շարքին: Հիվանդությունը վնասում է տեսողական նյարդը, ինչի հետևանքով հիվանդն առարկաները տեսնում է ոչ իրենց չափսերին համապատասխան` կա՛մ ավելի մեծ, կա°մ ավելի փոքր, կա՛մ, ասենք, իր առջև դրված բաժակը հիվանդը տեսնում է 10 մետր հեռավորության վրա:
Բավականին զվարճալի է գիտնականների այն փորձը, համաձայն որի` հիվանդի առաջ միաժամանակ առնետ և շուն են դրել. սարսափած հիվանդը երեք ժամ փորձել է գրպանում թաքցնել փոքրիկ շանը` ահռելի մեծությամբ առնետից :)
Կարծես ես ինքնաներշնչանքի պատճառով տառապում եմ այս հիվանդությամբ. ամեն անգամ աշխատավարձ ստանալիս ինձ ներշնչում եմ, որ այն բարձր է, բարձր է, սակայն իրականում... Ըհը...
