Միլոնովի ելույթն Էջմիածնում չեղարկվել է


14:35 , 27 հունվար, 2017

Միլոնովի ելույթն Էջմիածնում չեղարկվել էPanARMENIAN.Net-ը գրում է.

2017-ի փետրվարի 9-10-ին Էջմիածնում անցկացվելու է «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն ապագա սերունդների համար» խորհրդաժողովը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ քրիստոնյա մշակույթների երկխոսությանը:

Միջոցառումը հայտնվել է ԶԼՄ-ների և հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ որպես միջոցառման խոսնակ հայտագրված էր նաև ՌԴ Պետդումայի սկանդալային պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Վիտալի Միլոնովը:

PanARMENIAN.Net ը մեկնաբանության խնդրանքով դիմել է «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն ապագա սերունդների համար» խորհրդաժողովի կազմկոմիտեի ղեկավար Ելենա Գոդովիխին:

«Միլոնովի հայտագրումը խորհրդաժողովի ծրագրում տեխնիկական սխալի հետևանք է, նա չի մասնակցելու խորհրդաժողովին»,-ասել է Գոդովիխը:

Իր հերթին հրապարակախոս Դենիս Դվորնիկովը PanARMENIAN.Net ին հայտարարել է, որ կազմակերպիչները չեղարկել են Միլոնովի ելույթը: «Միլոնովը բավականին սկանդալային քաղաքական գործիչ է, որն, այնուամենայնիվ, կարողացել է ընտրվել Պետդումա «Միասնական Ռուսաստանի» ցուցակով: Կազմակերպիչները խելամիտ եղան և չեղարկեցին Միլոնովի մասնակցությունը միջոցառմանը»,-ասել է Դվորնիկովը:

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում որոշակի իմիջ, որն իրեն հետաքրքիր է թվում: Գաղտնիք չէ, որ ՌԴ ժամանակակից քաղաքական ասպարեզը թատերաբեմ է հիշեցնում: Միլոնովն էլ ընտրել է իր դերը` ուղղափառ ուղղվածության էկզոտիկան բացասական ժողովրդականության տարրերով: Օրինագծեր ամենատարեբր արգելքների մասին, կտրուկ հայտարարություններ, որոնք վրդովմունք կամ ծիծաղ են առաջացնում: Այդպիսի մարդիկ իրենց դերն են կատարում: Օրինակ, նրանց միջոցով ինչ-ինչ գաղափարներ են շրջանառության մեջ դրվում` ստուգելու համար հասարակության արձագանքը: Լրագրողներն էլ հաճույքով են մեջբերում օրիգինալ և զգացմունքային հայտարարությունները»,-ասել է Դվորնիկովը:

Դվորնիկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բավականին լուրջ բարդություններ ունեն վերջին շրջանում փոխըմբռնման առումով: «Շատ զգայուն հարցեր կան: Հավատի թեման զգայուն է կրկնակի: Ցանկացած անզգույշ խոսք կամ հայտարարություն կարող է հիանալի առիթ տալ նրանց, ով երազում է, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն դաշնակիցներ չլինեն: «Կան մի շարք եզակի ստեղծագործ մարդիկ, որոնք կարող են պատմել հայ եղբայրներին իրական ուղղափառության և իրական Ռուսաստանի մասին: Սակայն, նրանց շատ ավելի հազվադեպ է հնարավորություն տրվում արտահայտվելու, քան նույն Միլոնովին»,-ասել է Դվորնիկովը:

Խորհրդաժողովին կմասնակցի ավելի քան 200 մարդ, որոնք ներկայացնում են պետական իշխանությունները, հասարակական կազմակերպություններ, փորձագիտական և գիտական շրջանակներ, երիտասարդական միավորումներ: Միջոցառման շրջանակում տեղի կունենա ՌԴ-ում և ՀՀ-ում աշխարհիկ և հոգևոր կրթության պատմությանը նվիրված ցուցահանդես:

Միլոնովն առաջին պատգամավորն է Սանկտ Պետերբուրգից, որի հրաժարականն են պահանջում ընտրողներն ու քաղաքի բնակիչները: Դրա համար առիթ են հանդիսացել նրա «մի շարք անհեթեթ նախաձեռնությունները»: Նա հանդես է եկել «Միասեռականության քարոզչության արգելքի մասին» նախաձեռնությամբ, պահանջել է սաղմին մարդու իրավունքներով օժտել, կոչ է արել Պետերբուրգում բարքերի ոստիկանություն հիմնել և ուղղափառ ջոկատներ: