Բողոքի գրքից...


09:30 , 11 մարտ, 2013

Համալսարանի շենքի մոտ և միջանցքներում ամեն օր լսում եմ երիտասարդ աղջիկների, կրկնում եմ` աղջիկների, նմանատիպ խոսակցություններ. «Ախչի, հըմի՞ էթանք դրանց տենալու, թե թո մնա լուչշե էգուց կեթանք», «Լսի, անջըտե՞լ էիր սոտկեդ դասի վախտ, ընչի՞ չէի կարում ընգնեի քեզի», «Խի՞ ես պըտի անգլը 72.5 ստանամ, իսկ էդ տուպոյ Նազոն`  72.7»:

Մեկնաբանություններն ավելորդ են: Դեմքդ խոժոռվում է, ձեռքդ տանում ես ականջներիդ, ուզում ես ամուր փակել: Երանի սրանք զուտ իմ կողմից չափազանցված արտահայտություններ լինեին`  հայերենի աղավաղումները, անգրագետ, գռեհիկ խոսքը ցայտուն կերպով երևան հանելու համար, բայց, ցավոք, սրանք կենդանի խոսքից տառացիորեն գրի առնված նախադասություններ են: Ամեն անգամ ինքս ինձ հարց եմ տալիս. «Մի՞թե ես գտնվում եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի առջև: Մի՞թե այս աղջիկները ապագա լեզվաբաններ են: Եվ վերջապես ապագա մայրեր, ովքեր երեխա են դաստիարակելու, խոսել են սովորեցնելու... Այսպե՞ս խոսել»: Վախենում եմ պատկերացնել, թե ինչ է կատարվում մյուս բոլոր` ոչ լեզվաբանական համալսարաններում կամ ավելի վատ, դպրոցներում...

Համաձայնեք, որ ամենագեղեցիկ արտաքինն անգամ ինքնըստինքյան երկրորդ պլան է մղվում, երբ մարդ բացում է բերանը և, մեղմ ասած, հիասթափեցնում: Նկատել եմ, որ նույնիսկ ամենագրավիչ, ամենաքաղցր ձայնը կարող է անտանելի դառնալ, երբ արտաբերում է կեղտոտ, փողոցային բառեր, և ընդհակառակը. ամենակոշտ ու կոպիտ ձայնն անգամ բարեհունչ է թվում, ականջ է շոյում, երբ գեղեցիկ, գրագետ խոսք ես լսում:

Այսօր ես ամաչում եմ հեռուստացույցը միացնել: Հեռուստաեթերը լի է տխմար հաղորդումներով, անմակարդակ, ութերորդ դասարանն էլ երևի չավարտած հաղորդավարներով և այլ հասարակական անձանցով, ովքեր իրենք իրենց այդքան անհամեստորեն որակում են որպես երգիչ, երգչուհի, դերասան: Աստված մի արասցե, եթե հեռուստաալիքներից մեկնումեկը որոշի սոցիալական հարցում անցկացնել փողոցում: Մարդիկ չեն կարողանում երկու բառ իրար կապել, իրենց մտքերը կարգավորել, ճիշտ արտահայտել: Դրա համար էլ շատ-շատերը բառիս բուն իմաստով փախչում են տեսախցիկից, իրենք էլ գիտեն, որ խոսել չգիտեն: Բայց ինչու՞: Չէ՞ որ հայերենը տալիս է մեզ բացարձակապես բոլոր հնարավորությունները գեղեցիկ խոսելու համար: Առավել շքեղ, առավել հարուստ բառապաշար անհնար է պատկերացնել: Մեր լեզուն ինքնին ստեղծված է այնպես, որ իրեն սիրեն, որ հիանան, որ ճիշտ օգտագործեն: Դժբախտաբար, ոչ բոլորն են գնահատում և դրա իրական արժեքը գիտակցում: Ես, օրինակ, հպարտ եմ, որ հայ եմ ոչ թե նրա համար, որ Ավարայրի ճակատամարտում բարոյական հաղթանակ ենք տարել կամ որ առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել, ո՜չ, ես հպարտ եմ, որ այսօրվա դրությամբ տիրապետում եմ աշխարհի ամենագեղեցիկ, ամենաշքեղ լեզվին: Անկեղծորեն ցավում եմ այն բոլոր մարդկանց համար, ում մտքով չի էլ անցնում որպես օտար լեզու սովորել հայոց լեզուն, ինչպես ժամանակին մեծն Բայրոնն է արել... Մեր լեզուն բարդ է, շատ բարդ, խճճված, բայց ես այն խորհուրդ կտայի յուրաքանչյուրին, մեր երկրագնդի վրա ապրող ամեն մի մարդու: