Բաց հասարակությունից դեպի հիասթափություն, ինչպես սիրուց ատելություն, մեկ քայլ է


21:32 , 9 մարտ, 2013

Հիշում եմ,երբ փոքր էի, ծնողներիս հետ անպայման գնում էի տեղամաս,քվեարկում ու ծրարը ես էի գցում քվեատուք: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր. վարագույներով փակված խցիկներ, փայտից քվեատուփեր, դիտորդների ու լրագրողների սահմանափակ իրավունքներ: Այս ամենը մեծ հնարավորույթուն էր տալիս իշխանությանը կեղծել ընտրությունները, ապահովել ձայների անհրաժեշտ քանակ: 
Անցան տարիներ: Փոխվեց ամեն ինչ. թափանցիկ դարձան քվեատուփերը, առավել բաց՝ խցիկները, ցնդող թանաքներ, ընտրական հանձնաժողովի երկու անդամների արանքում նստող վստահված անձիք և այլն: Այս ամենից զատ պետք է նշել, որ տեխնիկայի զարգացմանը զուգահեռ հնարավոր դարձավ առցանց հետևել ձայների հաշվարկին: Ժամանակին այս ոլորտում հեղափոխական նշանակություն ունեցավ Գյումրիի Գալա հեռուստաընկերությունը, որը ցուցադրում էր ընտրակաշառք բաժանողներին, ստացողներին, ընդդիմության հանրահավաքները և այլն: Այնուհետև տարածվեցին ընդդիմության սկավառակները, բայց ամեն դեպքում դրանք դեռ մեծ լսարան չէին գրավում: Ժամանակի հետ առավել տարածվեցին անձնական համակարգիչները, մեծացավ ինտերնետ օգտագործողների քանակը: Դա իր ազդեցությունն ունեցավ հատկապես 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների վրա: Համացանցում կարելի էր գտնել հազարավոր վիդեոներ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են բաժանում-վերցնում, առցանց կարելի է հետևել ընտրատեղամասերում ձայների հաշվարկին և այլն: ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՓՈԽՎԵՑ՝ հինգ տառից է բաղկացած պատասխանը՝ ՈՉԻՆՉ:
Մեր իշխանությունները նման են ճարպիկ ուսանողների՝ ինչքան խստացնում են վերահսկողությունը, այդքան ավելի նոր ձևեր են գտնում կեղծելու ամեն ինչ:
Եթե նայում ենք մեր ընտրական օրենսգիրքը, գրեթե ոչ մի տեղ չի մնում կեղծարարության համար: 
Ու ինչքան ամեն ինչ բաց է դառնում, այդքան մեծ է հիասթափությունը: Նախկինում միայն լսում էինք շատ բաների մասին, բայց այժմ տեսնում ենք ու ոչ մի պատիժ: Տվեք ինձ մեկի անուն, ով պատիժ է կրում կեղծարարության համար: Ու ամեն անգամ բոլորը գործում են նույն օրենքներով, չէ՞ որ նրանք անպատժելի են և անձեռնմխելի: