22:36 , 9 մարտ, 2013Հայտնի մտայնության համաձայն` շիկահերներին սիրում են հիմարության, սևահերներին` համառության համար: Երբ ասում են շիկահեր կամ սևահեր, միանգամից պատկերացնում ենք որոշակի էություն: Հայտնի չէ, թե ով է հորինել շիկահերների և սևահերների մտավոր ունակությունների տարբերությունների մասին առասպելը, բայց դա այնքան է արմատացել մեր մեջ, որ դարձել է կանանց բնորոշելու ամենատարածված մեթոդ:
Ըստ վարկածի, 200 տարի հետո աշխարհում կծնվի վերջին բնական շիկահերը: Այդ աղետը կանխելու համար գարնան առաջին օրը` մարտի 1-ը, հռչակվել է Շիկահերների պաշտպանության միջազգային օր :) Հենց գարնան` կանանց և հատկապես` շիկահերների տոնի առթիվ էլ պարզենք, թե մարտի 8-ի առթիվ ի՞նչ նվերներ են նախընտրում ստանալ շիկահեր և սևահեր կանայք, և մազերի գույնից բացի ուրիշ էլ ինչով են տարբերվում իրարից:

Շիկահերներ
Պատմությանը հայտնի առաջին շիկահերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեն էր, ում մազերը նվիրել էր ինքը` Զևսը: Թեև նրան ոչ ոք չի տեսել, բայց Աֆրոդիտեն այսօր էլ համարվում է գեղեցկության մարմնացում: Հետաքրքիր է, բայց միջնադարում արաբական երկրներում` իբրև կախարդի ոչ թե սևահեր, այլ շիկահեր կանանց էին այրում խարույկի վրա: Դրան հակառակ` Ռուսաստանում և, ընդհանրապես Եվրոպայում, որպես կախարդ խարույկ էին նետվում կամ կախաղան բարձրացվում սևահերները, հեքիաթներում կախարդներին մշտապես մարմնավորում էին կրկին սևահերները: Ըստ ընդունված կարծրատիպի` շիկահեր կանայք միշտ էլ համարվել են առավել գեղեցիկ, բայց` ոչ խելացի, իսկ հաջողության հասած բոլոր շիկահերներն իրականում բնական սևահեր են եղել: Սա, իհարկե, պնդել չենք կարող, փոխարենը կարող ենք պարզել դրա պատճառները:
Նախ` գուցե պատճառն այն է, որ շիկահերներն ավելի կանացի են և, ըստ սոցհարցման, բնական շիկահերների 49%-ը իրեն անկեղծորեն միամիտ է համարում: Արդյոք սա խորամանկությա՞ն, թե՞ հիմարության նշան է, որոշիր ինքդ, բայց, ըստ վիճակագրության, շիկահերներն ավելի հաճախ և հաջող են ամուսնանում, առավել հեշտ են աշխատանք գտնում և նույն աշխատանքի դիմաց ավելի լավ են վարձատրվում: Սակայն նկատենք, որ հոգեբանների հավաստմամբ` բաց գույնի մազերը ցրում են ուշադրությունը, նվազեցնում մտավոր աշխատանքի արդյունավետությունը: Դրա համար էլ նրանք խելացի չեն համարվում, բայց միշտ վայելում են հակառակ սեռի համակրանքը:
Շիկահերների մասին կարծրատիպերն առաջացել են դեռ 1960-ական թթ. ԱՄՆ-ում: Դրա պատճառը Մերիլին Մոնրոն էր, ով մարմնավորում էր չափազանց գեղեցիկ, բայց թեթևամիտ և հիմարիկ կնոջ կերպար: Իրականում նա ո՛չ շիկահեր էր, ո՛չ էլ հիմարիկ, որը, սակայն, մնացել է նրա կերպարի հիմքում:
Ինչ վերաբերում է նվերներին` թեև շիկահերների անվան հետ կապված է նաև շահամոլության կարծրատիպը, սակայն մի խումբ ամերիկացի գիտնականներ ապացուցել են, որ շիկահերներն ավելի շատ սիրում են ստանալ զգացմունքային, հաճելի և, ամենևին էլ պարտադիր չէ, թանկարժեք նվերներ:
Եվ այսպես, շիկահեր կանանց (խոսքը, բնականաբար, բնական շիկահերների մասին է) կարելի է նվիրել բիժուտերիա, կոսմետիկա, դեկորատիվ մոմեր, ավտոմեքենայի համար կախազարդ և հագուստ` տնային կենդանու համար: Իհարկե, լինում են բացառություններ, բայց շիկահեր կանայք, ինչպես նշեցինք, հիմնականում նախընտրում են ստանալ հուզական, զգացմունքները լավագույնս արտահայտող նվերներ:

Սևահերներ
Սևահերների հետ կատակելը հեշտ գործ չէ, և շատ քչերն են խիզախել սևահերների մասին հումորներհորինել: Նրանց ավելի լուրջ են վերաբերվում, նրանց հետ ամուսնություններն ավելի կայուն են, նրանց ավելի խելացի են համարում: Իզուր չէ, որ հայտնի շիկահերների մեծ մասը իրականում սևահեր են:
Սևահեր կանանց մասին ևս բազմաթիվ կարծրատիպեր կան, թե նրանք ավելի խիստ են, պահանջկոտ և հիշաչար: Բնության մեջ էլ նրանց գենը ավելի կայուն է, քան շիկահերինը: Սա բոլորովին էլ չի նշանակում, թե սևահերները շրջազգեստով տղամարդիկ են: Իրականում յուրաքանչյուր սևահեր ցանկության դեպքում կարող է դառնալ ամենագեղեցիկ և իսկական շիկահեր, ինչպես որ դա արել են շատ հայտնիներ (Լեդի Գագան, Ջեսիկա Ալբան, Կիրա Նայթլին, Մադոննան, Շակիրան, Քեյթ Մոսը, Մենդի Մուրը, Շերը, հայերից` Արմինկան, Շպռօտը, R.P.-ն և այլք):
Միգուցե շիկահերների թվաքանակի նվազումն է պատճառը, բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհում գնալով ավելի գեղեցիկ են համարվում սևահերները, նրանք ավելի հաճախ են հաղթում գեղեցկության մրցույթներում, այդ թվում` միջազգային: Սևահերները հատկապես նորաձև են ճգնաժամի ընթացքում: Դա են վկայում նրանց նախասիրությունները նվերներ ստանալիս: Նույն հարցման արդյունքում պարզվել է, որ սևահեր կանայք նախընտրում են ստանալ կենցաղային տեխնիկա, զարդեր, կոսմետիկա և գումար:
Չգիտեմ, ինչպես դու, բայց ես երբեք ակնհայտ տարբերություն չեմ նկատել շիկահեր և սևահեր կանանց միջև: Կարծում եմ` կանանց տարբերում են ոչ թե մազերի գույնով, այլ սիրելու և սիրվելու կարողությամբ: