Բաց նամակ Շուշան Պետրոսյանի «Ե՞ս եմ էս ազգի սաղ ողբերգությունների պատճառը» հարցին


18:20 , 9 մարտ, 2013

-Այո, դու ես, բայց` ոչ թե «էս ազգի», այլ` հա´յ ազգի, ոչ թե « սաղ ողբերգությունների», այլ` «է´ս», և ոչ թե պատճառ ես, այլ` հետևանք: Դու միայն հետևանք ես, շարքային հետևանք, պատճառներն ավելի խորքերում են, դիմակավորված, բազմաշերտ: Միգուցե դու էլ հասու լինես պատճառների իմացությանը, բայց դրա համար պետք է ինքնավերաարժևորես իմացությունդ. նախ ցանկություն ունենաս, ապա` բանականությունդ չզոհաբերես, նախ տառապես ժողովրդի ցավերով, ապրես հոգսերով, ապա այրվես իղձերով, ժողովրդին այս թշվառ վիճակից դուրս բերելու որոնումներով: 
Մի կոտրվիր հոգեպես. այս պահերն էլ կանցնեն, ցանկալի կլինի` գոնե այդու համարձակություն ունենաս ճիշտ եզրահանգումներ անելու համար:
Մի քիչ տեղեկացված լինելը, թե ի՞նչ է կատարվում, կարծում եմ՝ քեզ համար միայն օգտակար կլինի. 
Ցանկացած իշխանության ընդդիմության առկայությունը անխուսափելի է: Դա` ուզես-չուզես: Գիտես: Նույնիսկ ավելին` դրա բացակայությունն է վտանգավորը: Երբ իշխանությունը պատկանում է հարուստներին, իսկ երկրում աղքատություն է, ժողովուրդը դժգոհելով իրականությունից, քննադատում է իշխանություններին և արդեն ընդդիմություն է: Ընդդիմություն, բայց ոչ թշնամի: Դա էլ ես ընդունում: Որ աղքատությունից դժգոհ ժողովուրդը ձգտում է փոփոխության` դա էլ` ուզես-չուզես: Իշխանության քննադատությունը դեռ հեղափոխություն չէ, բայց, որպեսզի դժգոհությունն ինքնաբերաբար, հանկարծակի չվերածվի իշխանափոխության, իշխանությունը ոչ միայն հաշվենկատորեն ստեղծում է իր ընդդիմությունն ու վերահսկում նրա գործողությունները, այլև` իր տգետ կառավարիչներին կամ պատգամավորներին` հարկ եղած դեպքում նրանցից դժգոհելու առիթներ հրահրելու և դժգոհությունների ալիքները վերահսկելու համար: Տգիտությունն այն է, որ իշխանությանը տալիս է այն կրողներին առանց ափսոսանքի զոհաբերելու հնարավորություն: 
Ստացված իրավիճակում կամ օլիգարխները պետք է կործանեն ժողովրդին, կամ ժողովուրդը՝ օլիգարխներին: Ներքին քաղաքականության մեջ, եթե մեկնումեկը հաղթի, ապա այդ հաղթանակը կարող է ավելի վտանգավոր հետևանք ունենալ, քան անհնար թվացող պարտությունը, որովհետև ոչ ցանկալի զարգացումների ժամանակ արտաքին քաղաքականության տեսակետից դա վերջնական պարտություն է կողմերից միայն մեկի`ժողովրդի համար:
Արժեր՝ որպես մշակույթի գործիչ վերագտնեիր տեղդ օլիգարխ-ժողովուրդ սահմանաբաժնում, իսկ քաղաքականության ոլորտում չվերածվեիր հերթական թիրախի՝ դրանով ակամա բարձրացնելով ընդդիմադիր հռչակված առաջնորդի վարկանիշը: