13:17 , 9 մարտ, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ մարտի 10-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաք-հանդիպումները հատկապես Վանաձորում, Գյումրիում, Արթիկում և Կապանում բավականին ոգևորիչ էին, սակայն այն, որ հանրահավաքից հանրահավաք Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց թիվը նվազում է, ակնհայտ է (նույն միտումը կա նաև մարզերում, սակայն Երևանում դա առավել ակնհայտ է):
Այս միտումը չէր կարող անհանգստություն չպատճառել Րաֆֆի Հովհաննիսյանին ու չնայած «կարևոր բան» ասելու պահը շուտ էր հասունացել, այնուամենայնիվ, տրամաբանական կլիներ, որ Րաֆֆին իր հայտարարությամբ «ասելիք», նոր լիցքեր հաղորդեր պայքարին ու փորձեր էմոցիոնալ հայտարարություններից ու միջազգային հանրությանն ուղղված կոշտ հայտարարություններից անցում կատարել պայքարի այլ հարթություն:
Համաձայն լինելով Րաֆֆու կողմնակիցների այն թեզին, թե նախընտրական քարոզարշավին էլ Րաֆֆին հենց այս տրամաբանությամբ գործեց ու լուրջ հաջողություն գրանցեց, այնուամենայնիվ, հիմքեր չեմ տեսնում համեմատության մեջ առնել նախընտրական ու հետընտրական գործընթացները, ինչպես նաև` հակված չեմ կարծելու, որ նույն տրամաբանությամբ կարելի է հաջողության հասնել նաև հետընտրական փուլում: Վերջիվերջո, առաջադրված խնդիրները տարբեր էին, տարբեր էին դրանց հասնելու ճանապարհները:
Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ հենց ինքն է հաղթել ընտրություններում ու մինչև «հաղթանակ պայքարելու» է, ու եթե չհաշվենք ՍԴ դիմելու հանգամանքը, ապա այդքան էլ հստակ չէ, թե հատկապես ինչպես է ու որ ուղղությամբ է գնալու պայքարը, ու ո՞րն է հաղթանակին հասնելու տեսանելի ճանապարհը:
Երրորդ՝ դեռ հստակ չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իր այդ նպատակին հասնելու ճանապարհին կամ այդ խնդրի հավանական ձախողման դեպքում ի՞նչ քայլերի կգնա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հայտարարում է, որ «չկա «Ժառանգություն»» կամ «ես թիմ չունեմ», ի՞նչ է լինելու համակիրների ոչ նվազ բանակի հետ, ովքեր մշտապես նրա կողքին են ու հավատում են նրա հաղթանակին:
Արդյո՞ք Րաֆֆու ծրագրերի մեջ չի մտնում ուժեղ ընդդիմադիր բևեռ ձևավորելու ու նվազագույնն այդ ձևով իշխանությանն անընդհատ ճնշումների ենթարկելով պահանջվող բարեփոխումների ապահովումը (նվազագույն դեպքում): Արդեն առիթ եղել է նշելու, որ նրա կարևորագույն խնդիրներից մեկն իր ընտրազանգվածը կապիտալի վերածելն է, առանց որի դժվար է որևէ լուրջ խնդրի լուծում ակնկալել, սակայն առկա զարգացումները ցույց են տալիս, որ «ընտրազանգվածի կապիտալիզացիայի պրոցեսը» շարունակվում է մնալ սաղմնային վիճակում, իսկ հակառակ դրան, ընտրազանգվածի փոշիացման խնդիրն բավականին վտանգավոր փուլում է: