12:16 , 20 հունվար, 2017
Newmag.am-ը գրում է.
Առաջին անգամ էի այդ տեսքով հայելու առաջ. սափրագլուխ, կարծես ճաղատ, նոսր մազերով:
– Բարով գնաս-գաս, – մաղթեց իմ առաջին ու միակ, վերջին 15 տարիների վարսավիր Արմենը` հավաքելով սափրելու ապարատը (մկրատ չէր օգտագործել) և գրպանը դնելով 1000 դրամը:
Դա նախօրեին: Առավոտյան եկավ ընկերս` նա էր ուղեկցելու զինկոմիսարիատ: Առավոտից մայրս արտասվում էր: Նրան ասել էի` հրաժեշտ կտանք տանը: Միջանցքում գրկախառնվեցինք, մուտքի մոտ բաժանվեցինք: Մորս ձեռքին ջրով բաժակ կար: Մայրս շարունակում էր արտասվել: Ես էլ էի հուզվել: Հրաժեշտ տվեցի ու ճամփա ընկա:
Զինկոմիսարիատի մուտքի առաջ ծխամաններ էին` ընդ որում շատ: Զինվորականները, կարծես, փորձից ու տարիների ավանդույթից համոզվել էին. այստեղ հավաքվում են ու շատ են ծխում` գուցե լարվածությունից, գուցե սպասումից: Ընկերներս ծիծաղում էին, կատակում: Անեկդոտները չէի էլ լսում, բանակային էին, իրենց համար զվարճալի, ինձ համար անհետաքրքիր: Ոմանք արդեն վերադարձել էին ծառայությունից, ոմանք «ազատվել», մյուսները պարզապես ուրախ էին, որովհետև միշտ է այդպես եղել. Ճանապարհելիս չպետք է տխրել: Ու ասել խորհուրդներ, որ արդեն տասնամյակներ չեն փոխվում.
Ու այսպես երեք ժամ:
Մոտ 25 հոգի էինք: Ամենամեծը ես էի` 23 տարեկան, բարձրագույն կրթությամբ, մագիստրատուրայի դիպլոմով, աշխատանքային փորձով: Մյուսների 18-ը օրեր առաջ էր լրացել: Բժշկական սենյակներում հետազոտվեցինք: Ես մենակ էի: Մյուսները եկել էին մայրիկների հետ, կիսաթաց աչքերով, վախով ու անորոշ հայացքներով:
Զինկոմիսարիատի միջին տարիքի լեյտենանտը կիսախռպոտ, մի փոքր բարկացած տոնով բոլորին աջ ու ձախ էր ուղարկում` այս կամ այն բժշկի մոտ: Տարիների համբերատարությամբ և արդեն սովոր նորակոչիկների անուշադրությանը, նա յուրաքանչյուրին բացատրում էր բուժզննման սենյակների հաջորդականությունը: Ամեն մեկին: Ամեն անգամ: Երևի այդ ընթացքում էր մազերը սպիտակել, կնճիռներն ավելացել, հայացքին հոգնածություն իջել:
11:40 ավտոբուսը եկավ, աղմուկի մեծ ալիք բարձրացավ: Շատերը սկսեցին հարվածել մարդատարին, իբր մեր ընկերոջը բանակ չտանեք: Հետո ձու շպրտեցին, դուռը վնասեցին` ինչ եղավ, վարորդին եղավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ