Ադրբեջանում լրագրող Աֆգան Սադիգովին դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման


21:06 , 12 հունվար, 2017

 Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջալիլաբադի շրջանային դատարանը լրագրող Աֆգան Սադիգովին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար և նրան դատապարտել է 2.5 տարվա ազատազրկման։
 Դատախազը նրա համար պահանջել է 3 տարվա ազատազրկում։ azel.tv կայքի խմբագիր Սադիգովը ձերբակալվել է նախորդ տարվա նոյեմբերի 22-ին և մեղադրվել է 127.2.3 հոդվածը խաթարելու համար (խուլիգանական նկատառումներով առողջությանը միտումնավոր վնաս պատճառել)։
 Խոսքը նախորդ տարվա օգոստոսին շրջանի գործադիր իշխանության շենքում գրանցված միջադեպի մասին է, երբ լրագրողի վրա նետվել է Ալի Ռզաևը, որին էլ Սադիգովը իբրև թե հարվածել է։ Սադիգովի փաստաբանը մտադիր է բողոքարկել որոշումը։