Հայաստանում բոլոր ճանապարհները կառուցվում եմ նույն «ռեցեպտով»


15:06 , 7 մարտ, 2013

Հայաստանում ճանապարհաշինության որակը ցածր է, ինչպես նաև ցածր է ճանապարհների սպասարկման որակը: Ամեն ձնհալից ու ամեն սեզոնային փոփոխություններից հետո ակտուալ է դառնում ճանապարներից դժգոհությունները ու դրանից բխող բոլոր խնդիրները: Կարծես թե Հայաստանում ճանապարհները կառուցվում են միևնույն «ռեցեպտով»: Ինչու նույն «ռեցեպտով», քանի որ ձնհալից հետո Հայաստանի բոլոր բնակավայրերում ու հանրապետական նշանակության ճանապարհներում հանդիպում ենք նույն խնդրին` համատարած փոսեր, փոսեր, փոսեր և նորից փոսեր… ու կապ չունի, թե երբ է կառուցվել կամ վերանորոգվել ճանապարհը, այն ձնհալից հետո ենթակա է վերակառուցման, ոչ թե վերանորոգման: Ինչո՞ւ է այդպես: 
Նշենք մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք բերում են այս պատկերին: 
Ճանապարհը մինչև ասֆալտի շերտով պատելը, այն պետք է ունենա հատուկ հիմք տարբեր շերտերով` ավազա-շեբինային կամ գրունտային (խոշոր գրունտ, ապա մանր գրունտ), որոշ դեպքերում բետոնային, ապա նոր ասֆալտ: Սակայն մեր մոտ` Հայաստանում, ասֆալտապատման աշխատանքները հենց հասկացվում է ուղղակի, կարող ենք նույնիսկ առանց համապատասխան հիմքի ասֆալտապատում իրականացնել: Ճանապարհ կառուցելիս հաճախ օգտագործում ենք այն մինիմալ կոմպոնենտները, որը լավագույն դեպքում կարող է այդ ասֆալտը գոնե մի քանի ամիս պահել, իսկ վատագույն դեպքում քանդվել առաջին իսկ անձրևային եղանակներից հետո: Ինչը վատ է և սխալ: 
Ինչքա՞ն արդյունավետ կլիներ, եթե ճանապարհաշինական կազմակերպությունները յուրաքանչյուր ճանապարհ կառուցեին, ու այդ ճանապարհի երաշխիքը լիներ 5-10 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գումար կտնտեսվեր: Ինչքա՞ն արդյունավետ կլիներ, եթե այդ նույն ճանապարհները ամեն տարի վերանորոգելու կամ ինչ-որ ճիշտն է՝ «գրդոն» անելու փոխարեն, ավելի շատ նոր ճանապարհներ կառուցվեին, միջհամայնքային տեսակի, որն այսօր մեր մոտ լուրջ խնդիր է: Այսինքն՝ ոլորտային իմիտացիան, որը դեռ «սովետական» ժամանակաշրջանի ախտ է, պահպանվում է մեզանում: