15:54 , 27 մարտ, 2012Գիրքը նվեր էր եղբորիցս: Նոր տարվա առթիվ: Հետս բերեցի: Վերջերս կարդացի, պրծա:
Երբ նոր էի սկսել, լեզուն տարօրինակ թվաց: Ինչ-որ անսովոր անգլերեն էր, անսովոր բառերով: Կարճ ժամանակ անց հասկացա, որ հատուկ է այդպես արված. գրքի հերոսներից մեկը` Սաշան, ուկրաինացի է, որը համալսարանում անգլերեն է սովորում և թարգմանիչ է աշխատում ԱՄՆ-ից ժամանած հրեա Ջոնաթանի համար: Հետո հասկացա նաև, որ պատմությունը երեք գծով է ընթանում. Ջոնաթանի, Սաշայի, նրա կույր պապիկի և տեսնող քածի ճամփորդությունը Ուկրաինայում, որը գրված է Սաշայի տեսանկյունից, Սաշայի նամակները Ջոնաթանին ճամփորդությունից հետո և Ջոնաթանի ընտանիքի պատմությունը գրված գրական անգլերենով (ու ահավոր շատ հիշեցնելով Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»):
Սաշայի մասն էնքան համով էր: Ուներ իրեն հատուկ բառապաշարը: Բառարաններից հանած հոմանիշներ էին, որոնք հաճախ սխալ կոնտեքստում էր օգտագործում: Սաշայի բառերից ու արտահայտություններից մի քանի հատ առանձնացրել եմ. to spleen - զայրացնել, toil - աշխատել, dub - անվանել, loiter - սպասել, to manufacture Z's - քնել, currency - փող, not-truths - ստեր, to take without asking - գողանալ: Դեռ տեղ-տեղ էլ բայերը սխալ էր խոնարհում:
Ջոնաթանի ճամփորդության նպատակը Հոլոքոսթի ժամանակ իր պապիկին փրկած ընտանիքից Ավգուստին անունով աղջկան գտնելն էր: Հենց էդ ճամփորդության ընթացքում բացահայտվում է որոշակի ճշմարտություն: Ու էստեղ սկսվում է սահմռկեցուցիչ տեսարաններ, անելանելի իրավիճակներ, որտեղ չես կարող ասել` որ քայլն էր ճիշտ, չես կարող դատել, չես կարող գնահատական տալ:
Էդ էջերից հետո դեռ մի քսան էջ շարունակվում էր գիրքը: Դեռ պիտի Ջոնաթանի պատմության մեջ էլ հասնեինք Երկրորդ համաշխարհայինին, բայց էլ կենտրոնանալ չի լինում, անընդհատ միտքդ հետ է գնում:
Չնայած կոտորածների մասին բաց տեսարաններով պատմություններ չեմ սիրում, բայց էս գիրքը շատ դուրս եկավ, որովհետև հեղինակը մեծ վարպետությամբ էր դրանք ներկայացրել` տեղադրելով ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Իսկ մոգական ռեալիզմով հատվածներն էլ ահագին սիրուն էին ստացվել: Հետաքրքիր էր, թե ոնց էդ ամեն ինչը բերեց, Հոլոքոսթի հետ կապեց:
Ֆիլմն էլ կա: Պիտի անպայման նայեմ: