00:03 , 7 մարտ, 2013Մի մռայլ ծերուկ` նստած աթոռին
Ու մի գեր կատու ծնկներին դրած,
Նայում է հայելուն` հայացքն անցյալին,
Կատուն էլ իրեն է նայում շիվարած:
Մի դպրոցական` գրքերը ձեռքին,
Աղջիկներին է նայում ամոթխած,
Զանգը հնչել է, կանչել բոլորին,
Նա դեռ կանգնած է` ապակուն հենված:
Մի ջահել տղա` վարդերը ձեռքին,
Մի աղջկա է սպասում շփոթված,
Ուղղում մազերը, նայում ծառերին,
Աղջիկն էլ էլի կուշանա անկասկած:
Մի հասուն տղա` կոստյումը հագին,
Ու մի օրիորդ էլ ճերմակ զգեստ հագած,
Քայլում են դեպի խորանը վերին`
Մի թաքուն տագնապ սրտներում պահած:
Մի տարեց բուժքույր` մանկիկը գրկին,
Շնորհավորում է բոլորին սրտանց,
Հայրն է մոտենում, գրկում փոքրիկին
Եվ համբուրում երջանկացած:
Մի սիրուն կին է` ճերմակը հագին,
Բայց ներկաները սև են հագնված,
Եվ մի տղա է լալիս ողբագին,
Այդ կնոջ վրա գլուխը կախած:
Այ թե ինչու է ծերուկը մռայլ...
Ու մի գեր կատու ծնկներին դրած,
Նայում է հայելուն, հայացքն անցյալին,
Կատուն էլ իրեն է նայում շիվարած...