20:31 , 6 մարտ, 2013
Նախորդ գրառումներիցս մեկում Սևանի պատմությունը համեմատել էի Հայաստանի պատմության հետ, և բացահայտել, որ Սևանա լիճը և մեր երկիրն ունեն գրեթե նույն ճակատագիրը, այժմ տեսնենք ներկան, և ներկայից հետևություններ անելով, դասեր քաղենք, խուսափենք վերահաս վտանգից:
2 օր առաջ տարբեր ԶԼՄ-ներով պաշտոնական հայտարարություն տարածեցին, որ Սևանի ձկնային պաշարը 2005 թվականից առ այսօր պակասելով հասել է աղետալի չափերի, պակասել է գրեթե 500000 միավոր ձկնատեսակ, իսկ մեր երկրում գրեթե նույնքան արտագաղթող: Ինչպես միշտ բոլորը խոսում են այդ երևույթը կանխելու համար ձեռնարկվող քայլերի, ընդունվող անհասկանալի օրենքների և կատարվող այլ անհասկանալի աշխատանքների մասին: Ի տարբերություն ձկնատեսակների անկմանը՝ մեծ թափով բազմանում է խեցգետինը, որն ընդունակ է միայն ջարդելու, խժռելու և բազմանալու, բացի այդ բնազդից ուրիշ բնազդ չի գործում: Կառուցվածքով շատ նման են մեր տեղական հաստամարմին հաստավիզ օլիգարխներին, երիտկուսակցականներին, զոմբիացած օխռաննիկներին՝ մեծ չանչերով (հաստ բլակներով), բարակ ոտքերով, գլուխն ու մարմինն ասես ձուլված են իրար՝ առանց վզի: Սրանց չես կարող դասել ոչ միջատների շարքում ոչ կենդանիների, սրանք իրենց ստամոքսի համար ավիրում են ամեն ինչ, խժռում են ինչ որ պատահի, առանց հասկանալու, որ եթե ամբողջ լճում վերացնեն իրենցից բարձրակարգ կենդանական աշխարհը՝ ի վերջո իրենք էլ կվերանան: 2 տարի առաջ էլ սկսվեց շրջանառվել Սոթքի հանքավայրի շահագործման մասին լուրերը, որն իրենից ենթադրում էր մեծ չափով թունավոր արտանետումներ են լցվելու լիճ, ինչպես մեզ մոտ ծագեց Թեղուտի և այլ հանքավայրերի խնդիրը: Մի խոսքով` ես ուզում եմ փրկվի Սևանը, ուզում եմ փրկվի մեր երկիրը, անկախ նրանից, թե ով կլինի նախագահը, կառավարությունը, պիտի փրկենք թունավորումից, վերականգնենք ջրային հաշվեկշիռը, ձկնատեսակների բնական վերարտադրողականությունը, պատժենք որսագողերին, խեցգետինների խնդիրն էլ կանոնակարգվի օրենքով: Հույս ունեմ այս տարի ամեն ինչ կհարթվի: