Հավատում եմ Ամանորյա հրաշքների` բարությամբ և ամենօրյա աշխատանքով. Արմեն Մուրադյան


13:29 , 31 դեկտեմբեր, 2016
Հավատում եմ Ամանորյա հրաշքների` բարությամբ և ամենօրյա աշխատանքով. Արմեն ՄուրադյանAysor.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի համար 2016 թվականը լի է եղել մարտահրավերներով, փորձություններով, հաջողություններով ու ձեռքբերումներով: Aysor.am-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանն ամփոփել է 2016 թվականն ու խոսել 2017-ի ակնկալիքների մասին:

- Պարոն Մուրադյան, ինչպիսի՞ն էր 2016 թվականը Ձեզ համար: Ինչո՞վ էր առանձնահատուկ այն:

- Յուրաքանչյուր տարվա նման 2016 թվականն էլ լի էր նոր մարտահրավերներով, փորձություններով, հաջողություններով ու ձեռքբերումներով: Կարծում եմ՝ տարեսկզբի առաջին օրերից առողջապահական համակարգի առջև ծառացած էին մի շարք լուրջ դժվարություններ: Տարեսկիզբը սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի շուրջ էր սևեռել հասարակության ուշադրությունը: Անցնող տարվա ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ հունիսին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում մեր երկրը նոր հաջողություն գրանցեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում՝ համարվելով օրինակելի երկիր մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքը: Շուրջ մեկ տասնյակ երկրի առողջապահության նախարարներ մասնակցեցին հանրային առողջությանը նվիրված համաժողովի: 

Առողջապահական մի շարք ծրագրերի կողքին կարևոր էր նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը:

Այնուհետև, ապրիլյան ցավալի դեպքերը, երբ սահմանային լարվածության հետևանքով վտանգվեց մարդկանց կյանքի ու ապրելու իրավունքը: Ապրիլյան քառօրյա պատերազմը և նրա հետևանքները ևս լուրջ փորձություն էր առողջապահական համակարգի համար: Իհարկե, պետք է փաստեմ, որ շնորհիվ առողջապահական համակարգի պատրաստվածության, կամավոր մարտի դաշտ մեկնելու ցանկություն հայտնող բազմաթիվ բուժաշխատողների, դեղագործական ընկերությունների համախմբվածության, Սփյուռքի մեր գործընկերների՝ հաջողվեց հավուր պատշաճի կազմակերպել տուժածների բուժօգնության և անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրման ողջ գործընթացը: Որպես 2016-ի ձեռքբերում՝ կմատնանշեմ նաև այն, որ կրկնակի նվազեցին սրտի ստենտավորման գները: Եվս մեկ կարևոր իրադարձություն․ 2016-ին եզակի հնարավորություն ունեցա ամռան վերջին արձակուրդիս ընթացքում այցելելու հանրապետության բոլոր մարզերի զինհաշմանդամների տներ: Տղաներից շատերը մասնագետների ջանքերով կարողացան քայլել և սա ես համարում եմ 2016-ի բարի հրաշքներից մեկը:

Քաղաքական իրավիճակից ելնելով՝ 2016 թվականի ընթացքում փոխվեց աշխատանքիս բնույթը՝ քաղաքական պաշտոնից անցում կատարեցի բուհի ղեկավարի պաշտոն՝ դեպի ակադեմիական գործունեություն:

- 2016-ին լքեցիք Ձեր պաշտոնը: Եթե նորից հնարավորություն ընձեռնվեր՝ կընդունեի՞ք Առողջապահության նախարար լինելու առաջարկը և ի՞նչ կանեիք այդ ժամանակ, որ չեք արել Ձեր՝ նախարար լինելու ժամանակ:

- Առհասարակ, պետք է նշեմ, որ միշտ քաջ գիտակցել եմ, որ որևէ պաշտոն հարատև չէ: Յուրաքանչյուր պաշտոն ինքնանպատակ չէ:   Պաշտոնը դիտարկում եմ որպես բաձր պատասխանատվություն, առողջապահության նախարարի դեպքում՝ հանրության առողջությունը պահպանելուն, կյանքի որակը բարելավելուն, մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելուն միտված ծրագրերի իրականացման հնարավորություն: Հենց այս հիմնական ուղղություններն էին ընկած մեր երկուսուկես տարվա աշխատանքի հիմքում: Պաշտոնը ծրագրերի իրականացման գործիք է: Կարծում եմ՝ ծրագրերը պետք է լինեն շարունակական՝ հաշվի առնելով, որ դրանք երկարաժամկետ են:

- Ի՞նչ պլաններ ունեք 2017-ի համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք աքաղաղից:

- Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում 29 կողմ և 1 դեմ ձայներով ընտրվեցի ռեկտորի պաշտոնում: Մինչ այդ, ստանձնել էի ռեկտորի պաշտոնակատարի աշխատանքը: Կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ուրվագծվել էր մի շարք բարեփոխումների իրականացման գործընթացը:

Գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ոչ միայն պատասխանտու աշխատանք, այլև կարևոր առաքելություն: Ուստի պարտավորվում եմ էլ ավելի բարձրացնել բժշկական մայր բուհի միջազգային վարկանիշը և ապահովել կրթության ու գիտության ներդաշնակ զարգացումը, որպեսզի մենք բոլորս կարողանանք զբաղվել միանգամից երեք սիրելի գործով` դասախոսական, բուժական և հետազոտական, քանի որ այս երեքի զուգակցումից ծնվում է այնպիսի մասնագետ, որի մեջ կա և՛ գիտնական, և՛ բժիշկ, և՛ դասախոս: Եվ փորձը ցույց է տալիս, որ աշխարհի տաղանդավոր մասնագետները ձգտում են պահպանել այդ եռամիասնությունը: Պետք է հիշենք, որ բժշկական համալսարանի ուսանողը, նորաթուխ բժիշկը անոթ չէ, որը պետք է լցված լինի միայն գիտելիքներով, այլ ջահ է, որը պետք է վառվի՝ ջերմություն և լույս տարածելով օգնի կարիքավորներին և հարթի գիտական աշխատանքների նոր ճանապարհ:

Հետևաբար, պատասխանելով Ձեր հարցին՝ պետք է ընդգծեմ, որ աշխատանքներիս, ակնկալիքներիս և ծրագրերիս գերակշիր մասը վերաբերում է հենց ապագա բժիշկներին և բժշկական համալսարանին:

- Ասում են՝ Ձմեռ պապիկից նվեր ուզելը տարիք չի հարցնում: Ի՞նչ է ուզելու Արմեն Մուրադյանը Ձմեռ պապիկից:

- Իհարկե, դուրս եմ եկել Ձմեռ պապիկին հավատալու տարիքից և արդեն մի քանի տարի է՝ իմ բոլոր նամակներն ու գրությունները պաշտոնական բնույթ են կրում: Համարում եմ, որ ցանկություններս իրականանում են, երբ կարողանում եմ օգնության ձեռք մեկնել դիմած մարդկանց: Իսկ Ձմեռ պապին փոքր տղաս է նամակ գրել՝ շարադրելով իր ցանկությունները: Իրականում, ամեն տարի իմ մեծագույն ցանկությունը բոլոր երեխաներին առողջ և երջանիկ տեսնելն է: Առհասարակ, հավատում եմ Ամանորյա հրաշքների` բարությամբ և ամենօրյա աշխատանքով: