Երգչուհի Արմինկայի որդու, դերասաններ Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի դստեր և երգչուհի Նունե Եսայանի ու դերասան Ավո Խալաթյանի որդու զբաղմունքների, երազանքների ու հագուկապի մասին` մեկ անդրադարձում:

Ալեքս Նահապետյան` երգչուհի Արմինկայի ակտիվ փոքրիկը
Աշխատանքային մի օր մեր խմբագրություն եկավ Ալեքսը` երգչուհի Արմինկայի շատ ակտիվ փոքրիկը: Նա խմբակից հետո մեկ ժամ հատկացրեց մեզ ու, բացի հարցազրույց տալուց, հասցրեց գրեթե ամեն բան :) 2 տարեկան ինը ամսական Ալեքսը շատ ակտիվ էր. ինչպես մայրը` Արմինկան նշեց` «ձևերի մեջ էր»: Սկզբում նա սկսեց նկարել ու պարզապես խզբզել մեր` հայտնիների համար նախատեսված հուշամատյանում, այնուհետև ջուր խմեց, ուսումնասիրեց մեր դարակները, հասցրեց փչացնել մոտ կես տուփ ծամոնն ու նորը պահանջել մայրիկից :)
Երբ հարցրի, թե ինչ շորիկներ է սիրում հագնել, իր մանկական թոթով լեզվով պատասխանեց. «Ամենաշատը սիրում եմ չարոխ` «Ֆեռե», «Դոլչե Գաբանա»: Ի դեպ, երգչուհին նշեց, որ «Դոլչե Գաբանա» ֆիրմայի անունն Ալեքսի առաջին ամենաբարդ խոսքն է եղել: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե հիմնականում ինչ է սիրում հագնել փոքրիկը, և որ գույների հագուստներն են գերակշռում նրա պահարանում: «Գրեթե միշտ բրենդային է հագնվում. ինքս էլ սիրում եմ ու կարողանում եմ ինձ թույլ տալ դա: Դրսում հիմնականում բրենդային հագուստ է հագնում, իսկ տանը` ոչ այնքան: Ավելի շատ կարևորում եմ բամբակյա հագուստը. կարծում եմ նաև, որ մինչև 5 տարեկան երեխան պետք է սուպինատորով կոշիկ հագնի,- նշեց Արմինկան ու ավելացրեց,- զգացվում է, որ սիրում է լավ հագնվել. դա գենետիկորեն ինձնից է ժառանգել»: Ալեքսը մայրիկի նման սիրում է նաև կարմիրը, իր պահարանում էլ գերակշռում են հենց կարմիրը, մանուշակագույնն ու մոխրագույնը:
Երգչուհին մի զվարճալի դեպք պատմեց որդու հետ կապված. «Մի անգամ արտերկրից տուն վերադառնալով` տեսա, որ Ալեքսը ժակետի վրայից վերնաշապիկ է հագել, վրայից էլ մեկ այլ բլուզ: Նույնն էլ ներքևի հատվածում. տաբատի վրայից գուլպա էր հագել ու էլի մի քանի բան: Երևի այդ օրն էդպես էր ցանկացել հագնվել»,- պատմեց երգչուհին:
Լիլիթիկ` Լուիզա Ներսիսյանի ու Հրանտ Թոխատյանի խելացի փոքրիկը
Լիլիթի հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ թատրոնում, որտեղ հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի դուստրը եկել էր մայրիկի նոր ներկայացման պրեմիերան դիտելու: Նա առանց որևէ մեկի օգնության մոտ կես ժամ հարցազրույց տվեց, վերջում էլ ասաց. «Վե´րջ, իմ կյանքում այլևս ոչինչ չկա, կարող ենք ավարտել զրույցը»: Ընդամենը 5 տարեկան Լիլիթը շատ գրագետ ու վստահ էր խոսում: Ի դեպ, նա զարգացած երևակայություն ունի, ինչն էլ ակնհայտ երևում էր զրույցի ընթացքում. ունի մտացածին հերոս` Աշոտիկը, որի միջոցով Լիլիթին պատմում են հեքիաթներ, օրինակներ բերում, մի խոսքով` կատարում դաստիարակչական ողջ գործընթացը: Լիլիթն ինձ պատմեց, որ Կամերային թատրոնում է աշխատում` որպես դերասան. «Այստեղ երկու ներկայացումների մեջ եմ խաղում, որոնցից մեկի մեջ Մայքլ Ջեքսոնի երգն եմ երգում. նրան շատ եմ սիրում»: Աղջնակի խոսքերով` սիրում է այբուբենի տառերը սովորել տանը` դպրոցական ժամի ընթացքում, որտեղ ուսուցչուհու դերը ստանձնում է տատիկը: Լիլիթիկը երազում է դերասանուհի դառնալ ու խաղալ Կամերային թատրոնի բոլոր ներկայացումներում, սիրում է նաև երգել ու պարել:

Հայտնի դերասանների դուստրը մի քանի տարբերակներով պատասխանեց. «Ուզում եմ շուտ մեծանալ, որ...» հարցին. «Ուզում եմ շուտ մեծանամ, որ մեծի կոշիկներ հագնեմ, իմ սիրած դերերը խաղամ, որովհետև արդեն չեմ դիմանում: Ուզում եմ նաև շուտ մեծանամ, որ իմ ընկերները շատանան»: Փոքրիկ Լիլիթը նշեց նաև մի քանի բաներ, որոնք շատ է ուզում ու երազում. «Ուզում եմ, որ քույրիկներս ու ապերիկներս մեր տանն ապրեն, բոլոր երեխաները լինեն բարի ու միշտ լսեն իրենց տատիկներին, մայրիկներին ու հայրիկներին: Ուզում եմ, որ նրանք այս քաղաքը չկեղտոտեն: Ամենից շատ ուզում եմ, որ մայրիկս ու հայրիկս չկռվեն: Միշտ մայրիկս մի բան կորցնում է, ինչ-որ տեղ է դնում, օրինակ` կոշիկները, ու մեզ վրա է գցում մեղքը»: Մրգերից ամենաշատը ելակ ու կիվի սիրող Լիլիթը շատ փոքրիկների նման սիրում է հագնել բարձրակրունկ կոշիկներ, գեղեցիկ շորիկներ. «Սիրում եմ նաև կեդեր, բլուզներ ու յուբկաներ: Մի շորիկ ունեմ, որ շատ եմ սիրում ու ծնունդիս օրն եմ հագնում»:
Ապագա դերասանուհին նշեց նաև, որ շատ հայտնի ընկերներ ունի. նրա ամենամտերիմ ընկերը, սիրած դերասանն ու երգիչը մեկ մարդ է` Արսեն Գրիգորյանը:
Գազարագույն ու մանուշակագույն երանգները նախընտրող փոքրիկն ամեն տարի հունիսի մեկին բոլոր փոքրիկների նման այցելում է այգի, ինչպես նաև հայրիկի հետ մասնակցում է երեխաներին նվիրված տարբեր միջոցառումների:
Հենրի Խալաթյան` Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի խիզախ տղան
Չորսուկեսամյա Հենրիի հետ իմ հանդիպումը տեղի ունեցավ նրանց` երգչուհի Նունե Եսայանի ու դերասան Ավո Խալաթյանի բնակարանում: Մինչ հանդիպումը փոքրիկը հայրիկի հետ գնացել էր լողի պարապմունքի, այնուհետև քնել էր. երեխայի ցերեկային քունը պարտադիր «օրենք է»: Առաջին անգամ էի Հենրիի հետ շփվում, սակայն նրա անմիջականությունն ինձ ստիպեց մեկ ժամից ավել զրուցել նրա հետ: Նա ինձ պատմեց, որ ամենաշատը սիրում է մամայի պատրաստած մակարոնը, մրգերից` նարինջը, գիտի հայերեն ու անգլերեն այբուբենները, որոնք ասաց տեղում, իսկ տառերը սովորել է մամայի ու պապայի հետ: Հենրին հաճախում է մեծ թենիսի ու կարատեի և ցանկություն հայտնեց ցույց տալու նաև կարատեի մի քանի շարժումներ. ասաց նաև, որ տանը սիրում է խաղալիքներով ու համակարգչով խաղալ:
«Մեր տուն լիքը երեխաներ են գալիս, որոնց հետ խաղում եմ»,- ուրախ ասաց փոքրիկ Հենրին: Հարցին, թե ամենաշատը ում է սիրում, պատասխանեց` Լիդուշիկին :) Ի դեպ, նրա մահճակալի վերևում հենց Լիդուշիկի նկարն էր փակցված: Նրանք առաջին անգամ հանդիպել են երեխայի ծննդյան օրը` նոյեմբերի 12-ին, երբ Հենրին մայրիկից խնդրել է` Լիդուշիկին ևս հրավիրել իր ծննդյան տոնին: Հենրին մանկական ոգևորությամբ փորձում էր ամեն բան ցույց տալ` ասելով. «Սիրուն շորիկներ եմ հագնում,- որից հետո շարունակեց հատուկ ինձ համար իրենց տան փոքրիկ «էքսկուրսը»,- արի´ քեզ սիրուն բաներ ցույց տամ» :) Երբ հարցրի, թե ինչի մասին է երազում, անմեղ հայացքով ասաց. «Երազում եմ բժիշկ դառնամ, բայց որ զարթնում եմ, ուզում եմ շինարար դառնամ ու շա¯տ մեծ տներ կառուցեմ,- այնուհետև ավելացրեց,- մամային ու պապային ասում եմ, որ քուրիկ, ապեր եմ ուզում, բայց չեն բերում: Համ քուրիկ, համ էլ ապերիկ եմ ուզում, ես իրանց կպահեմ, իմ տեղերը կպառկացնեմ: Տղայի անունը Դավո եմ դնելու, իսկ աղջկանը` Անի»: Հենրին ասաց, որ գույներից շատ է սիրում կարմիրը, ինչը, հավանաբար, կապված է «McQueen» մուլտֆիլմն ամենաշատը սիրելու հետ:
Հենրին պատմեց նաև, որ անցած տարի Հունիսի 1-ին իրեն տարել են կենդանաբանական այգի, որտեղ հավանել է վագրին ու չի վախեցել: «Չեմ վախենում օձից, վագրից... մեղուից էլ»,- պարծեցավ իր հորական պապիկի անունը կրող փոքրիկ Հենրին: