Քաղվածքներ Գաբրել Գարսիա Մարկեսի հարցազրույցներից


15:45 , 6 մարտ, 2013

1927թ-ի մարտի 6-ին ծնվել է Գաբրել Գարսիա Մարկեսը

Քաղվածքներ հարցազրույցներից/

Ես աստծուն չեմ հավատում, բայց վախենում եմ նրանից: 

Միշտ ուզեցել եմ սերիալներ հորինել: Ինձ նման մարդու համար, ում միակ ցանկությունն է, որ իրեն սիրեն իր արածի համար, սերիալը հազար անգամ արդյունավետ է վեպից: Ես փորձում էի հեքիաթներ գրել, բայց ոչինչ չէր ստացվում: Գրածներիցս մեկը ցույց տվեցի տղաներիս (այդ ժամանակ նրանք դեռ շատ փոքր էին): Վերադարձրին` ասելով. «Հայրիկ, դու ի՞նչ է` մտածում ես` երեխաները լրիվ հիմա՞ր են»: 

Ես ունեի կին ու երկու փոքրիկ տղա: Աշխատում էի որպես գովազդային մենեջեր ու խմբագրում կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար ստիպված էի հրաժարվել աշխատանքից: Ես հանձնեցի ավտոմեքենաս ու փողը տվեցի Մերսեդեսին (կնոջը): Ամեն առավոտ նա ինձ տալիս էր թղթեր, ծխախոտ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մնացել էր ութսունը: Այդ ժամանակ ես հանձնեցի Մերսեդեսի հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին` նա ասաց. «էդ էր պակաս, որ վեպդ վատը լիներ»: 

Անհրաժեշտությունը շան մռութ ունի:

ՁԻԱՀ-ն ընդամենը խիզախում է ավելացնում սիրո մեջ: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել, մահացու հիվանդության պես... 

Եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես շատ հստակ գիտեմ, որ կանայք են կառավարում աշխարհը: 

Ամուսնական խնդիրները վերջանում են ամեն երեկո սիրով զբաղվելուց հետո և վերսկսվում ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ: 

Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար: 

Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Սովորաբար նրանք համաձայնվում են խաղի կանոնների հետ, ինչպիսիք էլ որ դրանք լինեն, եթե դրանք ասվում են սկզբում: Բայց տանել չեն կարողանում, երբ կանոնները փոխվում են խաղի ընթացքում: Այդ ժամանակ նրանք դառնում են անզիջում ու դաժան:

Սրտի հիշողությունը վատը վերացնում է, լավը` խոշորացնում: 

Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները մեզ համառորեն պատմում են անկարևոր, առօրյա պատմություններ:

Մեծ աղետները մեծ հարստություն են ծնում. նրանք ստիպում են մարդկանց ապրել: 

Չէ, հարուստ չեմ: Ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չի: 

ԱՄՆ-ն հսկայական փողեր է ներդնում Լատինական Ամերիկայյում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտ ծախսելու: Մենք փոխում ենք նրանց լեզուն, նրանց երաժշտությունը, նրանց ուտելիքը, նրանց սերը, նրանց մտքի ձևը: Մենք ազդում ենք Ամերիկայի վրա այնպես, ինչպես նրանք կուզեին ազդել մեզ վրա: 

Գ.Գ.Մարկես & Կ. Ֆուենտես

Գրականության պրոֆեսորների հետ վիճեցի Կուբայում: Նրանք ասում էին. «Հարյուր տարվա մենությունը առանձնահատուկ գիրք է, բայց լուծումներ չի առաջարկում»: Ինձ համար դոգմա է. իմ գրքերը նկարագրում են միջադեպերը, բայց պարտավոր չեն լուծումներ տալ:

Մարդը մեռնում է ոչ թե երբ պետք է, այլ երբ կարողանում է: 

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն: Շատ եմ վախենում, որ գոյություն կունենա ինչ-որ մեկը, ով չի սիրում ինձ, ու ես ուզում եմ, որ նա ինձ սիրի` կարդալով այս հարցազրույցը: 

թարգմ. անգլերենից Հասմիկ Սիմոնյանը 2011

____________
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»

«Հարյուր տարվա մենությունը» Գաբրիել Գարսիա Մարկեսի լավագույն ստեղծագործությունն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և համաշխարհային ճանաչում ունի: Լատինամերիկյան արձակի բումը սկսվել է 60-ականներին, և ընդգրկեց նաև Հայաստանը, երբ 1979 թվականին հայ ընթերցեղի սեղանին դրվեց Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը` Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ: Լատինամերիկյան գրականության մոգական ռեալիզմը անտարբեր չի թողնում ոչ մի ընթերցողի ու գրականության գիտակի , այդ թվում` շվեդական Նոբելյան կոմիտեին, ուստի այդ գրականության շատ ներկայացուցիչներ նոբելյան մրցանակակիր են:

Արգենտինացի Խորխե Լուիս Բորխեսի և Խուլիո Կորտասարի, իսպանացի Ֆրանցիսկո Այալայի, կոլոըմբիացի Գաբրիել Մարկեսի և պերուացի Մարիո Վարգաս Լյոսայի (վերջին երկուսը` նոբելյան մրցանակակիր) պատմվածքներում միահյուսված են առօրեականն ու ֆանտաստիկականը: Նրանք նման են ու միաժամանակ` շատ տարբեր:

Իսպանիայում ամենամեծ տպաքանակ ունեցել է (բացառությամբ՝ Աստվածաշնչի) նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը՝ 30 միլիոն օրինակ: 

Ցավոք, Մարկեսը այլևս չի ստեղծագործում և կատալոնական «Վանգուարդիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հեռացող տարին միակն էր իր գիտակցական կյանքում, որի ընթացքում չի գրել ոչ մի տող: Նա ասել է նաև, որ իր համար դժվար չէր լինի գրել ևս մի վեպ, բայց ընթերցողն անմիջապես կզգար, որ դրա մեջ ինքը հոգի չի դրել: 

Կոլումբացի գրողի վերջին գեղարվեստական ստեղծագործությունը «Հուշեր իմ տխուր պոռնիկների մասին» ստեղծագործությունն էր, որին ընթերցողները սպասում էին 10 տարի շարունակ: Սակայն, այն չարժանացավ քննադատների ուշադրությանը: Բացի դա՝ Մարկեսը ստիպված եղավ վերաշարադրելու գրվածքի վերջին գլուխը՝ տպագրիչ-«գրահեններին» խաբելու համար: Բանն այն է, որ նրանք գրքի պաշտոնական թողարկումից երկու շաբաթ առաջ փորձել էին վաճառել նախապես գողացված ոչ պաշտոնական տարբերակը:

«100 տարվա մենություն»
Տիպ՝ djvu

Քաշ՝ 4.01mb 

ՆԵՐԲԵՌՆԵԼ ԳԻՐՔԸ ԱՅՍՏԵՂ