Ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը. հարուցվել է քրգործ


17:30 , 28 դեկտեմբեր, 2016
Ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը. հարուցվել է քրգործAysor.am-ը գրում է.
 Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
 Նյութերի նախապատրաստման ընթացքում  Ռուզաննա Բ.-ն պնդել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքն իրականում չի կատարել: Վերջինս համոզված է եղել, որ 200.000 դրամը նախարարության աշխատակիցներին վճարում է որպես տուգանք նախօրոք հայտնաբերված խախտումների համար, սակայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները,  սպառնալիքների և հոգեբանական ճնշման միջոցով, իրեն պարտադրել են 03.02.2016 թ.-ին հաղորդել կաշառք տալու վերաբերյալ: Ըստ Ռուզաննա Բ.-ի` ոստիկաններն իրեն տևական ժամանակով ապօրինի պահել են վարչությունում, ապա` սպառնացել, որ նշված հաղորդումը չտալու դեպքում կձերբակալեն: Ավելին` ՀՀ քննչական կոմիտեում ևս, պարտադրաբար, նույնաբովանդակ ցուցմունք է գրել քննիչի ուղղորդմամբ և թելադրանքով, սակայն հետագա ցուցմունքներում արդեն նշել է իրականությունը:
 Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն: