Այսպիսով, մաքսային տեսուչ Վ.Սիսակյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և հեղինակազրկել ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգը` խաթարելով նրա բնականոն գործունեությունը: Բացի այդ, Վ. Սիսակյանի գործողությունների հետևանքով, պետությանը պատճառվել է զգալի չափով գույքային վնաս. ավտոմեքենան փաստացի չմաքսազերծելու հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15.669.690 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` սահմանապահ զորքերի ծառայողներն էլ, իրենց հերթին, կատարել են առերևույթ պաշտոնեական կեղծիք. սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կեղծ գրանցում են կատարել՝ Արկադի Աբովյանի կողմից նշված ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանը հատելու և հետիոտնային անցակետով վերադառնալու վերաբերյալ: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործն առանձին վարույթով առանձնացվել և ուղարկվել է ըստ քննչական ենթակայության` ՀՀ քննչական կոմիտե:
Վարդան Սիսակյանին էլ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: