Գազն ու էլեկտրաէներգիան կէժանանան բոլորի համար
18:24 , 26 դեկտեմբեր, 2016
Times.am-ը գրում է.
Լրանում է կառավարության գործունեության խորհրդանշական 100 օրը, և այս կարճ ժամանակահատվածում ունեցած նշանակալի ձեռքբերումներից մեկը գազի ու էլէներգիայի սակագնի նվազումն է համարվում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս սեպտեմբեր ամսին հանձնարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներ` նվազեցնելով դրանք սոցիալապես անապահով խավի համար: Սրանից անմիջապես հետո ընդդիմությունը սկսեց քննադատել` գազի սակագնի իջեցումը իշխանությունը համարում էր անհնար, այդ ինչպե՞ս եղավ, որ անհնարը հանկարծ դարձավ հնարավոր: Հանրությանն էլ մի հարց էր հուզում. եթե կար նման տարբերակ, ինչու ավելի վաղ չէր իջեցվում: Ինչեւէ, շատերը վարչապետի հանձնարարականը որակեցին որպես նախընտրական էժանագին PR քայլ:
Վարչապետը շտապեց փարատել հանրության մտահոգությունը: Գազի սակագինը կիջնի ոչ թե բյուջեի հաշվին, այլ ֆինանսական 4 աղբյուրի շնորհիվ: Իսկ ավելի վաղ ունենալ գազի սակագնի իջեցում անհնար էր, քանի որ 4 աղբյուրներից մեկը վերաբերում է Վրաստանում հնարավոր տրանզիտի գնի նվազեցմանը. գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունվարի 1-ին: Այսինքն` քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ էր, հնարավոր չէր բանակցություններ վարել սակագնի իջեցման շուրջ:
Գործնական քայլերն այս ուղղությամբ չուշացան: Արդեն նոյեմբերին պարզ դարձավ, որ 2017-ի հունվարի 1-ից գազի սակագինը կնվազի 7,7 դրամով եւ մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարենք 139 դրամ՝ ներկայիս 146,7 դրամի փոխարեն: Ի դեպ, այս սակագինը կգործի բոլորի համար: Իսկ ՀԷՑ-ի հայտով առաջարկվում է փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել 4 դրամով:
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը կարող է որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար: Հարցի շուրջ ծավալվող քննարկումներից կարելի է գալ այն եզրակացությանը, որ տեղական արտադրողների վերաբերմունքը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ միանշանակ դրական է: Դա վերաբերում է հատկապես այն արտադրողներին, որոնց գործունեությունն առնչվում է գազի և էլեկտրաէներգիայի մեծ ծավալների օգտագործման հետ: Այս ամենի արդյունքում մի շարք ապրանքատեսակներ կարող են էժանանալ, ինչն էլ իր հերթին որոշակիորեն կթեթեւացնի քաղաքացիների բեռը: