ԵԱՏՄ գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է. Պուտին
17:54 , 26 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Եվրասիական տնտեսական միության գլխավոր գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է: Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ԵԱՏՄ գործունեության գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումն է մեր երկրների արտադրական և տեխնոլոգիական ներուժի լիարժեք բացահայտման համար»,- ասել Է նա:
Պուտինը նշել է, որ միության ձևավորման օրվանից անցած երկու տարվա ընթացքում ստեղծվել է ընդհանուր տարողունակ շուկա, որը գործում է համաձայնեցված կանոններով, որոնք հիմնված են Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների վրա: Այդ ժամանակահատվածում նաև նկատելիորեն բարձրացել են փոխադարձ առևտրի ցուցանիշները, վերացվում են ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շարժի խոչընդոտները:
«Միության գոյության ընթացքում ոչ տարիֆային սահմանափակումների թվաքանակը կրճատվել է ավելի քան 30 տոկոսով: Այս տարի ստեղծվել է դեղամիջոցների և բժշկական արտադրանքի միասնական շուկա, ինչը կօգնի նվազեցնել սոցիալապես կարևոր դեղագործական արտադրանքի գները և ուժեղացնել հսկողությունը դրա որակի և շրջանառման կարգի նկատմամբ»,- ասել է Պուտինը: