Գերմանիայում եռակի ավելացել է Թուրքիայից փախստականների թիվը


14:06 , 26 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

2016թ. Թուրքիայի քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են հայցում Գերմանիայից, եռակի ավելացել է՝ համեմատած անցած տարվա հետ։

Միայն 2016թ. հունվարից նոյեմբեր ամիսներին գրանցվել է ապաստան հայցողների 5166 հարցում։ 2015թ. նման հարցում Թուրքիայի քաղաքացիներից եղել է ընդամենը 1767, հայտնել են Գերմանիայի կառավարությունից, հայտնում է Spiegel-Online-ը։
Միևնույն ժամանակ, գերմանական իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչի հետ է կապված նման աճը։

«Գերմանիայի կառավարությունը չի զբաղվում այդ ցուցանիշների աճի հնարավոր պատճառների քննարկմամբ»,- ասվում է Գերմանիայի իշխանությունների հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ապաստան հայցողների 80%-ը քուրդ է։
Նոյեմբերին գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Թուրքիայի քաղաքական ընդդիմադիրներին։