ՄՕԿ որոշմամբ՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից հանվեց ըմբշամարտը


15:51 , 5 մարտ, 2013

ՄՕԿ որոշմամբ՝ 2020թ Օլիմպիական խաղերի ծրագրից հանվեց ըմբշամարտը: Այս փաստի պատճառաբանությունը հետևյալն է` ըմբշամարտը չի վայելում մասսայականություն և ունի ցածր դիտողունակություն: 
Փաստորեն ՄՕԿ-ում ինչ-որ բան այն չէ: Ի՞նչ է նշանակում չի վայելում մասսայականություն: Ըմբշամարտը այն ամենահին ձևերից մեկն է, որը համարվել է օլիմպիական մարզաձև ու այսօր, հանկարծ, մասսայականություն չի վայելում: Կարծում եմ՝ այստեղ այլ քաղաքականություն կա, որը այնքան էլ պարզ չի ներկայացվում հանրությանը: Նաև պետք է հիշել, որ Օլիմպիզմի գաղափարախոսությունը խաղաղության խթանումն է աշխարհում: Այսօր նմանատիպ որոշումները մերժողականություն են սերմանում սպորտի բնագավառում: 
Մյուս կողմից, այսօր փաստորեն մենք ականատես ենք լինում բացահայտ ռեգրեսի: Եթե մի ժամանակ սպորտաձևին մասսայականություն հաղորդելու համար այն ներառում էին Օլիմպիական ծրագրի մեջ, ապա այսօր մասսայականություն չունենալու համար այն վիրահատական մեթոդով դուրս է մղվում ծրագրից: Սա, կներեք, ոչ թե սպորտի ու օլիմպիզմի գաղափարներից է բխում, այլ ԲԻԶՆԵՍԻ: Ինչ վերաբերում է դիտողականության ցածր լինելուն, ապա բոլորս էլ գիտենք, թե գովազդների տեսանկյունից ինչ գումարների մասին է խոսքը օլիմպիական որևէ մարզաձևի ելույթների հեռարձակման ժամանակ: 
Եթե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում եղել են խնդիրներ, կամ ֆեդերացիայի նախագահ Մարտինետտիի նկատմամբ եղել է հատուկ բացասական վերաբերմունք, իր գործունեության վերաբերյալ, ապա կարծում եմ, դրանից չպետք է տուժի մի ամբողջ մարզաձև իր մարզիկներով` օլիմպիական մարզաձևից վերածվելով հավակնորդ մարզաձևի: Այս պարագայում Հայաստանն էլ ունի խնդիր, քանի որ ըմբշամարտը մեդալի հավակնորդ մարզաձևերից է: