Փետրվարը սիրառատ ամիս է: Թեև Սուրբ Սարգիսը շարժական տոն է, և լինում են տարիներ, երբ տոնը նշվում է հունվարի վերջին օրերին (ինչպես այս տարի էր հունվարի 21-ին), սակայն բոլորիս մեջ տպավորված է, թե սիրո տոներն անպայման փետրվարին են :) Սիրո տոներն իրենց հետաքրքիր արմատներն ունեն նաև դպրոցներում: Գուցե հաշվի առնելով, որ դպրոցական սերն ամենաանկեղծն ու հետաքրքիրն է, հանրակրթական դպրոցներում դրվում են արկղեր, որոնցում դպրոցականները կարող են նամակներ գցել իրենց սիրեցյալներին ուղղված, արտահայտել բոլոր հույզերն ու լինել առավելագույնս անկեղծ: Իհարկե, որոշ դպրոցներում հետաքրքրասեր ուսուցիչները կարդում են նամակները, հետո միայն փոխանցում հասցեատերերին, ակայն զրուցակիցներիս մի մասին այդ փաստը քիչ էր հուզում: Թերևս պատճառն այն է, որ այդ տարիքում զգացմունքներն ավելի մաքուր են, իսկ մտավախությունները` քիչ :) Մյուսներն էլ հասկանում էին, որ նույնիսկ մաքուր և անկեղծ զգացմունքներն անձնական են, և չարժե՝ ուսուցիչները ներխուժեն իրենց անձնական կյանք :)
Տեսնենք, թե դպրոցական սիրո տոնն ինչպես են նշում հայտնի դպրոցահասակները :)

Երգչուհի Դալիթան պատմեց, որ նամակների արկղի միջոցով գեղեցիկ զարդարված անանուն նամակ է նախորդ տարի ստացել, որում գրված էր. «Սիրում եմ քեզ»: Երգչուհին պատմեց, որ դա, ինչպես իր ստացած բոլոր նամակները, խնամքով պահում է :) Նրա կարծիքով` դպրոցում արկղ դնելու գաղափարը հետաքրքիր է. «Երեխաներն իրար սիրո խոստովանություններ են գրում և լավ, ջերմ, նամակներ ուղարկում»: Դալիթան նշեց, որ իր համար նշանակություն չունի, որ ուսուցչանոցում նամակները կարդում են, որից հետո միայն դասղեկները «վալենտինկաները» փոխանցում են հասցեատերերին: Ըստ նրա` այդ նամակներում անձնական և գաղտնի որևէ բան չկա, որ կցանկանար թաքցնել: Ինչ վերաբերում է իր` նամակներ գրելուն, ապա Դալիթան այդպիսիք չի գրում:

Երգչուհի Անահիտ Սահակյանն ասաց, որ իրենց դպրոցում նամակների արկղ չի դրվում, սակայն դրա առկայությունը հետաքրքիր կլիներ: «Թեև ես նամակ հաստատ չէի գրի, որովհետև կամաչեի, բայց կարծում եմ` դա հետաքրքրություն կմտցներ դպրոցական կյանքում,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ինքը չէր մասնակցի նաև այն պատճառով, որ իր զբաղվածությունը շատ է և առանձնապես հետաքրքրված չէ նման բաներով: - Կարծում եմ` դեռ շուտ է «վալենտինով» հետաքրքրվելու համար»: Իր սիրահարված հասակակիցներին Անահիտը խորհուրդ տվեց անկեղծ լինել հարաբերություններում, վստահել և հավատարիմ մնալ սիրելիին :)
6-րդ դասարանցի դերասան, հաղորդավար Արեգին մեր զրույցի սկզբում թվաց` խոսքը Ձմեռ պապիկին նամակ գրելու արկղի մասին է :) Երբ հստակեցրի, որ խոսքը սիրո տոների կապակցությամբ նամակներ գրելու մասին է, միանգամից ոգևորվեց ու նշեց, որ շատ լավ է վերաբերում դրան :) «Ափսոս, որ դրսում էլ չի դրվում»,- կատակեց նա: Փոքրիկ դերասանը նշեց, որ այնքան էլ շատ նամակներ չի ստանում. ամեն տարի` 4-5-ը: Եղել են դեպքեր, երբ չի ճանաչել իրեն սիրահարված և նամակ գրող աղջկան: Ի դեպ, սիրահարված աղջիկներին պետք է հիասթափեցնենք. Արեգն ընկերուհի ունի, ում էլ նամակ է գրելու այս տարի :) Արեգը տեղյակ չէր` իրենց դպրոցում ուսուցիչները կարդո՞ւմ են նամակները, թե՞ ոչ: Ամեն դեպքում նա զգուշություն կցուցաբերի :) «Քանի որ ամեն օր խոսում եմ այն մարդու հետ, ում նամակ եմ գրելու, շատ երկար չեմ գրի, միայն կհիշեցնեմ զգացմունքներիս մասին: Երևի կգրեմ` մեկ անգամ ևս կրկնում եմ, որ սիրում եմ քեզ»,- ասաց սիրահարված Արեգը:
Երգչուհի Լիդուշիկը պատմեց, որ նամակների արկղից չի օգտվել, ինքը երբեք նամակներ չի գրել, ոչ էլ ստացել է: «Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ, թե դպրոցի որ մասում է դրված արկղը, բայց կարծում եմ, որ դրա առկայությունը լավ է. երեխաներն անկեղծանում են, իրար ջերմ նամակներ գրում»,- ասաց Լիդուշիկը: Երգչուհին, թեև արկղից չի օգտվել, բայց կարծում է` լավ չէ, որ ուսուցիչները կարդում են նամակները:
Ըստ նրա` նոր սերնդի երեխաների համար ավելի հետաքրքիր է նամակագրական ժամանակակից կապը. «Թեև տատիկս միշտ ասում է, որ թղթի վրա գրված ու փոստով ուղարկված նամակն ավելի հետաքրքիր էր, ինձ թվում է` մեր սերնդի համար sms-ներն ավելի հետաքրքիր են»,- անկեղծ նշեց դպրոցահասակ երգչուհին:
Հաղորդավարուհի, պարուհի Մարիշոկը պատմեց, որ նախորդ տարի իրենց դպրոցում արկղ էր դրվել, սակայն իրենք ոչ թե սիրո խոստովանություններ էին գրում, այլ, թե ո՞վ է դասարանի ամենալավ տղան, իսկ տղաները` ո՞վ է դասարանի ամենալավ աղջիկը: «Մեզ խոստացել էին տարեվերջին կարդալ արդյունքների մասին, բայց այդպես էլ չկարդացին»,- ասաց հաղորդավարուհի պարուհին: Այնուամենայնիվ, Մարիշոկը պատմեց, որ 2011-ին իր առաջին «վալենտինն» է եղել. «Ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը սիրո խոստովանություն արեց և փոքրիկ նվեր մատուցեց` արջուկ»: Մարիշոկը նշեց, որ իրեն նվեր մատուցած տղայի հետ հիմա շատ քիչ շփում ունեն, սակայն ինքն այս տարի էլ է նվերի սպասում, թեև ոչ այդ տղայից :)

Հայտնի դպրոցահասակ Մեգին մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երբևէ չի օգտվել նամակների արկղից. ո´չ նամակ է գրել, ո´չ ստացել, ավելին` արկղն իրենց դասարանում որևէ աժիոտաժ չի առաջացրել: Մեգիի կարծիքով` դպրոցում չպետք է նման արկղ դրվի. «Եթե անգամ դրվում է, պետք է միայն բարձր դասարանցիների համար լինի: Ճիշտ չի, որ բոլոր դասարանների աշակերտներն իրար նման նամակներ գրեն»: