21:00 , 22 դեկտեմբեր, 2016«Այսօր կան մարդիկ, որոնց գործունեությունը ենթադրյալ կամ պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել, բայց այդ անձինք հայտարարագիր ներկայացողների շրջանակներում չեն: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մոտ 500 մարդ է ներկայացնում հայտարարագիր, և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ միասին ընդհանուր մոտ 2000 հոգի են: Սա նշանակում է, որ շրջանակը բավականին ընդլայնվելու միտում ունի»,- շեշտեց նախարարը:
ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով պատասխանատվություն է նախատեսվել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
2016 թվականին մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը 2016թ. սեպտեմբերի 28-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ:
2016 թվականին մշակվել է գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը սույն թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ:
2016 թվականին մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Նախագիծը սույն թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացվել է ՀՀ նախագահի աշխատակազմ: