Ինչի՞ մասին են սիրում խոսել և ինչի՞ մասին երբեք չեն խոսում տղամարդիկ


10:58 , 5 մարտ, 2013

«Հետաքրքիր է` ինչի մասին կխոսեին տղամարդիկ, եթե չլինեին մեքենաները»:

Միշել Ուելբեք, «Կղզու հնարավորությունը»:

«Ինչի՞ մասին են սովորաբար խոսում և ինչի՞ մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում»… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ՞ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա «լեզվով»:

Ըստ գիտնականների հետազոտությունների` կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ` կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր «The Female Mind» («Կանացի ուղեղ») գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել: Արդյունքում տղաները, ապա և` տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները: 

Ուշագրավ է, որ չնայած վերը նշված հանգամանքին` ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում` տղամարդիկ սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին: 

Ըստ հարցումների` տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը (29%), կանանց (22%) և դրամի հետ կապված հարցերը (20%): Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ (32%), հագուստը (32%), ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները (20%):

Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի մեր հայրենակիցների հետ` թե´ կանանց, թե´ տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները.

Արմեն Ավագյան

«Եթե համառոտ պատասխանեմ, ապա տղամարդիկ խոսում են կանանցից, մեքենաներից և զենքից: Դա կախված է նաև նրանց պատկանած խավից. տարբեր խավերի տղամարդկանց թեմաները տարբերվում են»:

Արտակ Քիքինյան

«Դե, իհարկե, աշխատանքից, զվարճանքից, դրամ վաստակելուց, ընկերներից ու էլի շատ ու շատ բաներից»:

Վահե Ավագյան

«Իսկական տղամարդը պետք է խոսի խմիչքից և կնոջից»:

Փառանձեմ Սարդարյան

«Տղամարդկանց ամենասիրելի թեման ԿԻՆՆ է: Սովորաբար նրանք ճոխացրած գույներով պատմում են «աղջիկ կպցնելու» գունագեղ հեքիաթը: Ընթացքում բոցավառվում են աչքերը, ծոր է տալիս ժպիտը, թուլանում են ձեռքերն ու ոտքերը: Ի դեպ, «հեքիաթասացին» վերջում անպայման հարցնում են. «Հը՞, մի բան արեցի՞ր»: «Բա ոնց, ինձ չգիտե՞ս»… Այդ ամբողջ հեքիաթի իմաստը հենց այդ «բան անելն է», այլապես հեքիաթն «անհաջող պատահար» են համարում»:

Սուսաննա Ղազարյան

«Տղամարդիկ խոսում են քաղաքականության մասին»:

Նունե Եղիկյան

«Տղամարդիկ միշտ խոսում են այն տղամարդկանց մասին, ովքեր իրենցից շատ դրամ, գեղեցիկ սիրուհի ու լավ ավտոմեքենա ունեն` «գոլդ» համարներով»:

Իրինա Դավթյան

«Շատ են սիրում իրենց գովել, մանավանդ երբ անցնում են բանակի թեմային»:

Ռուզաննա Դանիելյան

«Տղամարդիկ սիրում են խոսել ֆուտբոլից, դրամ ստեղծելու միջոցներից, սիրուհիներից… Իրենց կանանց մասին` լռություն»:

Մարիա Մանուկյան

«Սիրում են խոսել սպորտի, զենքերի, կռիվների, կանանց մասին»: 

Սվետա 

«Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց թերություններից, նախկին կանանց հետ հարաբերությունների մասին ներկայիս կնոջ հետ, չեն խոսում սեռական ոլորտի խնդիրներից, եթե ունեն»:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց շոշափած թեմաների մեծամասնությունն առնչվում է հետևյալ ոլորտներին: 

Աշխատանք և գործեր` հասարակական, քաղաքական, բարոյական և այլն: Տղամարդկանց սիրած թեմաներից է վերանորոգումը` տան, մեքենայի կամ տարբեր սարքավորումների: Սա նրանց ամենասիրած թեմաներից է, որոնց շուրջ կարող են խանդավառ խոսել: Կան տղամարդիկ, որոնց մոտ մեքենայի հանդեպ սերն անգամ խնդիրներ է առաջացնում կնոջ հետ: Հումորով ասում են` «Կարծես ամուսնացած լինի մեքենայի հետ»:

Տղամարդիկ կարող են ավերջ ու անսկիզբ զրուցել իրար հետ մեքենաներից, համակարգիչներից, ստերեոհամակարգերից, հեռուստացույցներից, տարբեր հավաքածուներից: Խոսում են մանրամասների մասին` ում մեքենան է ավելի մեծ, որտեղ արժե տեղադրել նոր զովացուցիչը կամ քանի սանտիմետրանոց հեռուստացույց է նպատակահարմար գնել:

Որոշակի խավի տղամարդիկ անպայման խոսում են քաղաքականության մասին: Հաճախ արծարծվող թեմաներից են նոր ճանապարհները կամ շինությունները քաղաքում: 

Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Եթե երկու զրուցակիցներն էլ ֆուտբոլասեր են, զրույցը պարտադիր լինում է թեժ և խանդավառ:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց խնայողությունների, ունեցած գումարի մասին: Կարող են ում ասես քննարկել, բայց սեփական գումարների կամ դրանք հայթայթման միջոցների մասին երբեք չեն խոսում:

Տղամարդիկ չեն սիրում խոսել հիվանդությունների մասին: Կամ միանգամից անցնում են գործնական դաշտ, այսինքն` որ դեղն է օգնում և այլն, բայց երկար երբեք չեն ծավալվի այդ թեմայով:

Իսկական տաբու է դրված նորաձևության թեմայի վրա: Հավատացեք, գրեթե ոչ մի տղամարդ չի սիրում գնումներ կատարել: Բացի այդ` կա մի հանգամանք. խանութում տեսնելով ամենաշքեղ ու ճաշակով զգեստը, նա չի գնահատի այն: Տղամարդը հագուստի արժեքը գնահատում է միայն կնոջ հագին, երբ կարող է հպվել, իսկ իդեալական տարբերակում` հանել: Ուստի չարժի նրան ձեզ հետ գնումների տանել: Տղամարդն անգամ նորաձևության էջերի նկարները չի նայում ամսագրերում:

Աղբյուրը